Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բունդեսթագում Անգելա Մերկելը խստորեն քննադատել է Անկարային

Բունդեսթագում Անգելա Մերկելը խստորեն քննադատել է Անկարային
09.03.2017 | 23:51

Բեռլինի համար Թուրքիայի հետ հարաբերությունները կարևոր են, սակայն, վերջին օրերին Անկարայից հնչող հայտարարությունները, թե ժամանակակից Գերմանիայի քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում նացիստական իշխանությունների քաղաքականությունից, անընդունելի են: Ելույթ ունենալով Բունդեսթագում՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն ասել է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը նացիոնալ-սոցիալիզմի դարաշրջանին բնորոշ գործելաոճ որդեգրելու մասին հայտարարությունները որևէ արդարացում չունեն:


Դրանք չեն կարող արդարացվել անգամ կառավարման նախագահական համակարգի օգտին անցկացվող քարոզարշավի համատեքստում, որ ծավալվել է Թուրքիայում: Ես կոչ եմ անում թուրք քաղաքական գործիչներին՝ զերծ մնալ նման հայտարարություններից, քանի որ դրանք վայել չեն քաղաքական, հասարակական և տնտեսական հարաբերությունների այն մակարդակին, որ գոյություն ունի Թուրքիայի և Գերմանիայի միջև: Այս հայտարարությունները վշտացնող են ու ընկճող, նվաստացուցիչ են Հոլոքոսթի զոհերի համար և, ըստ իս, լուրջ մեկնաբանության անգամ արժանի չեն»,- հայտարարել է Մերկելը:


Բեռլինի և Անկարայի հարաբերություններում հերթական ճգնաժամը ծագեց, երբ Գերմանիայի իշխանություններն արգելեցին թուրք պաշտոնյաներին՝ հանդիպում ունենալ ԳԴՀ-ում բնակվող թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ՝ ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզչության շրջանակում: Գերմանական լրատվամիջոցների հաշվարկներով, Գերմանիայի տարածքում բնակվող և Թուրքիայի ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը գերազանցում է 1 միլիոնը: Գերմանիայի իշխանությունները շարունակում են ընդգծել` Թուրքիայի հետ կապերի վերջնական խզումը հակասում է երկրի և ողջ Եվրոպայի շահերին: «Դեռ երբեք մեր հակասություններն այսքան զգալի չեն եղել: Մյուս կողմից, սակայն, Եվրոպան և Թուրքիան ընդհանուր լուրջ շահեր ունեն: Մեր տեսանկյունից արժե անել ամեն ինչ՝ Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները բարելավելու համար: Դա, սակայն, պետք է արվի մեր կողմից դավանած արժեքների հիման վրա և մեր հստակ ակնկալիքներով»,- հայտարարել է Անգելա Մերկելը Բունդեսթագում: Դաշնային կանցլերի այս խոսքին Թուրքիայի իշխանությունների առաջին արձագանքը առանձնապես չի տարբերվել շաբաթասկզբի հայտարարություններից: Մերկելի ճառից մի քանի ժամ անց Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կրկնել է Էրդողանի վիճահարույց հայտարարությունը: «Մենք գերմանական կառավարությանը որպես նացիստական չէինք որակել: Մենք պարզապես նկատել էինք, որ նրանց գործողությունները հիշեցնում են նացիզմի դարաշրջանը»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն:


Թուրք-գերմանական այս ճգնաժամն աստիճանաբար սկսում է թափանցել նաև Եվրամիության այլ երկրներ: Անցած շաբաթավերջին Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը կոչ արեց արգելել թուրք պաշտոնյաներին՝ Եվրամիության տարածքում քարոզչական հանրահավաքներ անցկացնել: Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ևս հայտարարել է, որ իր կառավարությունը կանի հնարավորը՝ երկրի տարածքում կազմակերպվող քարոզչական հանրահավաքներին թուրք պաշտոնյաների մասնակցությունը բացառելու համար:
«Թուրքիայի արտգործնախարարը, օրինակ, պատրաստվում է ժամանել Նիդերլանդներ` մեր երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից ընդամենը չորս օր առաջ: Այժմ կառավարությունը փորձում է իրավական ուղիներ գտնել` թուրք պաշտոնյաների այցերը կանխելու համար»,- նշել է Ռյուտեն:

Դիտվել է՝ 333

Մեկնաբանություններ