Մեզ անհրաժեշտ է վերականգնել միջին խավը՝ «Կոնրադ ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած նախընտրական քննարկմանը, անդրադառնալով «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի տնտեսական կետերին, ասաց դաշինքից առաջադրված Մանե Թանդիլյանը։
«Մենք առաջարկում ենք առավել պարզ հարկման տարբերակ փոքր և միջին տնտեսավարողների համար, ինչպես նաև ստեղծել փոքր և միջին ձեռնարկությունների օմբուդսմեն։ Մենք շեշտադրում ենք անում նաև ՏՏ ոլորտի վրա, դրա մասին շատ է խոսվում, բայց այդ ուղղությամբ առարկայական քայլեր չեն արվում»,- ասաց Մանե Թանդիլյանը։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն ու հարցին, որ «Ելք» դաշինքի բոլոր անդամները դեմ են արտահայտվում տնտեսական այդ բլոկին անդամակցությանը, սակայն նախընտրական ծրագրում չեն դնում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց, Մանե Թանդիլյանը նշեց, որ դուրս գալը կապված է լուրջ հաշվարկների հետ։ «ԵԱՏՄ-ին անդամակցելու դեմ են քվեարկել հենց այն պատգամավորները, ովքեր ներառված են մեր դաշինքում։ Հայաստանը չի զարգանում ԵԱՏՄ-ում և դա ապացուցվում է նաև թվերով։ Իրականում, երբ վերցնում ես պարտավորություն, պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը, որոնք առաջանում են, երբ դուրս ես գալիս։ Պետք է հաշվարկել, թե ի՞նչ արժե ԵԱՏՄ-ից դուրս գալը և սկսել գործընթաց»,- բացատրեց Մանե Թանդիլյանը։
Նա նշեց՝ «Ելքը» չի կատարել այդ հաշվարկներն ու չի դրել դուրս գալու հարց ծրագրում, քանի որ դաշինքը փաստացի տեղյակ չէ ստանձնած պարտավորություններին ու դրանց մասին կարող է միայն ենթադրել։
«Ես չեմ ուզում հայտարարություն անել, որ վաղը ևեթ դուրս ենք գալիս»,- ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչը՝ նշելով, որ հաշվարկներ կատարելուց հետո պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից ու սկսել ասոցացումը Եվրամիության հետ։