Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին
12.03.2017 | 17:52

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ինչը հանուն Եվրոպական միության կայուն ապագայի կատարած Ձեր վիթխարի աշխատանքի լավագույն գնահատականն է և Ձեր հանդեպ առկա մեծ վստահության արտահայտությունը։


Բարձր եմ գնահատում Ձեր նախորդ մանդատի ընթացքում մեր միջև ընթացող անկեղծ, կառուցողական և ջերմ երկխոսությունը, որը լավագույնս ծառայեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների առաջընթացին. շոշափելիորեն խորացավ ոչ միայն Հայաստան-ԵՄ երկկողմ գործակցությունը, այլև համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում։


Իհարկե, առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում իմ վերջին այցը Բրյուսել, մեր բովանդակային քննարկումները, ինչպես նաև Ձեր սրտաբաց հյուրընկալությունը: Վստահ եմ, որ Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտը և հետագայում նրա ուժի մեջ մտնելը նոր էջ կբացեն մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ՝ որակական նոր մակարդակի բարձրացնելով դրանք։


Հաստատակամ ենք կյանքի կոչելու բոլոր պայմանավորվածությունները, քանզի Եվրոպական միության հետ համագործակցությունը մեծապես նպաստում է Հայաստանում արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և այլ ոլորտներում բարեփոխումների գործընթացին, ինչը մենք մեծապես կարևորում ենք:
Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ ձեռքբերումներով և հաղթանակներով լի աշխատանքային տարիներ՝ հանուն մեր մեծ տարածաշրջանի՝ Եվրոպայի միասնության ու անվտանգության: Հայաստանը պատրաստ է հնարավորինս նպաստել այդ գործին:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ