Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել «Վալդայ» միջազգային վերլուծական ակումբի մի խումբ անվանի անդամների՝ Անատոլի Բիստրիցկու, Ֆյոդոր Լուկյանովի, Տիմոֆեյ Բորոդաչևի, Յարոսլավ Լիսովոլիկի, Անատոլի Տորկունովի, Վիտալի Նաումկինի, Նիկոլայ Զլոբինի, Ալեքսանդր Ռարի, Իվան Տիմոֆեևի, Ալեքսանդր Սմիրնովի, Օլեգ Ցացուրինի հետ, ովքեր Երևան են ժամանել ակումբի արտագնա նիստին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրերին՝ ԱԳ նախարար Նալբանդյանը կարևորեց «Վալդայ» ակումբի նիստի անցկացումը Երևանում և մասնակիցներին մաղթեց բեղուն ու բովանդակալի քննարկումներ՝ արժևորելով նման ձևաչափերով պարբերական հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը։ Նա ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Հանդիպմանը ծավալվեց մտքերի հանգամանալից փոխանակում՝ տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։