Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն վրդովված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսքերից, որը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռը չընդունելու Նիդերլանդների որոշումից հետո Հոլանդիայի կառավարությանն անվանել է «ֆաշիստներ»՝ հայտնում է Associated Press-ը:
Նիդերլանդները թույլ չէր տվել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռի վայրէջքը՝ որոշումը բացատրելով «հասարակական վտանգով, որը կարող է կրել արտգործնախարարի այցը Ռոտերդամ»: Էրդողանը Նիդերլանդների գործողություններն անվանել է նացիզմ և սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել: «Ես հասկանում եմ՝ նրանք զայրացել են, բայց դա, անխոս, սահմաններից դուրս է»,- հայտարարել է Ռյուտեն՝ Էրդողանի ասածը «խելագարություն» անվանելով: