Ռուսաստանի համար հասկանալի և կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին՝ RT-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարող են ավելի ջերմ կամ ավելի սառը լինել: «Երևանին և Մոսկվային կապում են ռազմավարական հարաբերությունները: Եվ կարծում եմ, որ դրանք անհամեմատելի կատեգորիաներ են»,- նշել է Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ եթե Ռուսաստանին հաջողվի Թուրքիայի հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ վերջինը Մոսկվայի համար լիովին հասկանալի և կանխատեսելի դառնա, դա կարող է Հայաստանի շահերից բխել: «Որովհետև ավելի հասկանալի և կանխատեսելի Թուրքիան այն է, ինչի մասին միշտ մտածել ենք: Վստահ չեմ, թե դա որքան արագ կարող է տեղի ունենալ՝ հաշվի առնելով այն բոլոր գործընթացները, որ տեղի են ունենում Թուրքիայում: Սակայն ինչպես հայտնի երգում է ասվում՝ «Մենք խաղաղ մարդիկ ենք, բայց մեր զրահագնացքը…»: Եվ այս իմաստով հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն արտահայտված է նաև Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի առկայության մեջ: Այն տարածաշրջանում անչափ լուրջ զսպող գործոն է»,- նշել է Սարգսյանը: