Հայաստանում հնարավոր չէ գազի ավելի ցածր սակագին ունենալ՝ մեկնաբանելով գազի ավելի էժան սակագին ունենալու հնարավորության վերաբերյալ քաղաքական որոշ գործիչների հայտարարությունները՝ նշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը՝ հավելելով. «Այն, ինչ ունենք այսօր, ամենաօպտիմալ և լավագույն տարբերակն է»:
Հրանտ Թադևոսյանի խոսքով, «Գազպրոմ Արմենիան» սահմանին 10000 խմ բնական գազի համար վճարում է 150 դոլար՝ առանց ավելացված արժեքի հարկի: Սպառողին այն հասնում է միջինը 255 դոլարով՝ ներառյալ ԱԱՀ-ն: Դրան էլ գումարվում են դոլար-դրամ տատանումները և տարբերությունը կազմում է 60 դոլարին համարժեք դրամ:
Թադևոսյանը նշել է, որ այդ 60-ական դոլարները ծախսվում են 1600 կմ գազափոխադրման համակարգի մայրուղային գազատարների և 14000 կիլոմետր բաշխման ցանցի շահագործման և պահպանման վրա, այդ միջոցներով վճարվում են աշխատակիցների աշխատավարձերը, հաշվարկվում են բնական գազի անխուսափելի կորուստներն ու ներդրումների համար անհրաժեշտ ծախսերը:
Ընկերության տնօրենին զարմացնում է, որ որոշ քաղաքական ուժեր պնդում են, թե կարելի է հրաժարվել ռուսական գազից և այլ երկրներից այն գնել, օրինակ, 200 դոլարով, իսկ սպառողին վաճառել՝ 230-240 դոլարով:
Թադևոսյանի խոսքով, դրանց դեռ պետք է գումարել ավելացված արժեքի հարկը. «240 դոլարի 20 տոկոսը եթե հաշվարկենք, միջին գինը 290 դոլար է ստացվում: Մինչդեռ «Գազպրոմ Արմենիայի» սահմանած գինը կազմում է 255,1»,- ինչն էլ, ընկերության տնօրենի գնահատմամբ, հնարավոր ամենաօպտիմալ տարբերակն է: Թադևոսյանը նկատել է, որ 40 դոլար տարբերությունը բավարար չէ անվտանգ և հուսալի շահագործում իրականացնելու համար: