Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Առանձնազրույցի ընթացքում նրանք անդրադարձել են ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև բոլոր ուղղություններով փոխգործակցության ընթացքին, ամփոփել մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքներն ու քննարկել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Հայ-ռուսական երկկողմ հարաբերություններից բացի, Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցերին, մտքեր են փոխանակել այլ պետությունների հետ ԵԱՏՄ համագործակցության զարգացման հեռանկարի և այդ ուղղությամբ ՀՀ և ՌԴ կողմից իրականացվող քայլերի շուրջ: Հայաստանի և Ռուսաստանի հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացման հարցերը ևս եղել են նախագահ Սարգսյանի և վարչապետ Մեդվեդևի քննարկման առանցքային թեմաների շարքում: