«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան պատճառն այս իշխանությունների դաժան ու անմարդկային վերաբերմունքն էր»՝ ասել է «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը։ «Ես այսօր վերհիշեցի, թե ինչ տեղի ունեցավ։ Իրականում ես ու Նիկոլ Փաշինյանը առաջին օրվանից այցելեցինք դատապարտյալների հիվանդանոց և արձանագրեցինք, որ այդ մարդու առողջությունը և պահման պայմանները անհամատեղելի են։ Այդ անհամատեղելիության մասին անձամբ տեղեկացրինք նաև գլխավոր դատախազին։ Նրա վիճակը մանրամասն ներկայացրեցինք և մեր անձնական երաշխավորությունը հայտնեցինք, բայց մենք այդպես էլ հաջողության չհասանք մինչև հացադուլի 25-րդ օրը»,- հավելեց Մարուքյանը։
Նրա խոսքերով՝ առաջին օրից ակնհայտ էր, որ Արթուր Սարգսյանը սկզբունքային, կամային մարդ էր և որևէ կերպ իր որոշումը չէր փոխի։ Բացի դա ակնհայտ էր և հիմա էլ փաստ է, որ Արթուր Սարգսյանի կալանավորումը կամ ազատ արձակումը որևէ օգուտ չտվեց քրեական գործին։ «Այն վերաբերմունքը, որ կար նրա նկատմամբ, ուղղակի անմարդկային վերաբերմունք էր և այսօրվա փաստը դրա արդյունքն է։ Իշխանությունները կարող են լինել կոռումպացված, կարող են լինել թալանչի, ամեն ինչ, բայց չլինել ադեկվատ և մարդկային որակներ չդրսևորել, անընդունելի է։ Մենք առաջին օրվանից ասում էինք, որ նրա վիճակը լավ չէ։ Ինչու էր պետք 25 oր սպասել դրանում համոզվելու համար, որ բավարարել մեր միջնորդությունը։ Ես ցնցված եմ և խոսքեր չեմ գտնում»,- նկատեց Մարուքյանը։ Նա Արթուր Սարգսյանի հետ պայմանավորվել էր, որ նրա կազդուրվելուց հետո պետք է հանդիպեին ու խոսեին, բայց չհասցրեցին։ «Ցավոք, չհասցրեցինք հանդիպել ու զրուցել։ Վերջին անգամ, երբ մենք զրուցեցինք նա փակ աչքերով էր, ներողություն խնդրեց, որ այդպես է խոսում, քանի որ լույսին չէր կարողանում նայել։ Իսկապես խոսքեր չեմ գտնում։ Ցավակցում եմ նրա ընտանիքին ու հարազատներին»։