«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը խոր կսկիծով տեղեկացավ հայ ժողովրդի կողմից սիրված «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին:
Փետրվարի 12-ին իշխանությունների կողմից Արթուրի անհիմն և անիմաստ կալանավորումը այլ կերպ, քան քինախնդրության, հաշվեհարդարի և նողկալի անբարոյականության դրսևորում որակել չենք կարող:
Արթուրն ուներ կալանավայրում գտնվելու հետ անհամատեղելի հիվանդություններ, ինչը, սակայն, ևս հաշվի չառնվեց «արդարադատություն» իրականացնող մարմինների կողմից: «Հաց բերողը» որպես իր խախտված իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարի ծայրահեղ միջոց ընտրեց հացադուլը: 24-օրյա այս պայքարը, ինչպես նաև հասարակության լայն շերտերի բողոքը և ճնշումը իշխանությունների վրա ի վերջո հանգեցրին նրան, որ Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց, սական նրա առողջությանն արդեն այնպիսի անդառնալի վնաս էր հասցվել, որ նրա օրգանիզմը այլևս անկարող էր դիմադրել իրեն պատած և այս մեկ ամսվա մեջ խորացած հիվանդություններին, և այսօր «Հաց բերողը» մահացավ:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հետևողական է լինելու Արթուր Սարգսյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցում օրենքի ողջ խստությամբ՝ իրական արդարադատության համակարգի կայացման արդյունքում:
«Հաց բերողը» մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ մարդասիրության, խիզախության, ազնվության, անկաշառության մարմնավորումն էր և ապացույցը: Նրա մահը մեծ կորուստ էր Հայաստանի բոլոր քաղաքացիների համար:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի շտաբ
16 մարտի 2017 թ., ք. Երևան