Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նյու Յորքում նշվեց ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակը

Նյու Յորքում նշվեց ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակը
18.03.2017 | 01:08

Նյու Յորքի Լինկոլն կենտրոնում կայացել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված համերգը, որին ներկա էին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ՄԱԿ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
«Քառորդ դար առաջ Հայաստանն ընդգրկվեց ինքնիշխան պետությունների ընտանիքում: Իրականություն դարձավ աշխարհասփյուռ հայության բազում սերունդների երազանքը:

ՈՒրախ եմ այսօր այստեղ տեսնել մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր նորանկախ պետության կայացման գործում»՝ ասել է Էդվարդ Նալբանդյանը՝ շարունակելով. «Դժվար է գերագնահատել այս օրվա նշանակությունը: Խոսքը սոսկ անդամակցության խորհրդանշական կարևորության մասին չէ, այլ խաղաղ և բարգավաճ ապագայի տեսլականի, որն ընկած է ՄԱԿ-ի հիմքում, ինչը ոգեշնչում է ընդհանուր ճանապարհ անցնել՝ բարելավելու աշխարհը, որը զերծ կլինի պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից: Հայաստանը, ինչպես, համոզված եմ, բազմաթիվ երկրներ մեզնից առաջ և հետո, միացել է ՄԱԿ-ին հենց այս ձգտումներով և նպատակներով»:
Հայաստանը պետությունների ընտանիքին միացավ մի ժամանակահատվածում, որը լի էր մարտահրավերներով, բայց դա որևէ կերպ չնվազեցրեց Հայաստանի վճռականությունն ու հանձնառությունը՝ կառուցելու հասարակություն՝ լիովին հավատարիմ ՄԱԿ-ի նպատակներին և սկզբունքներին:


«Մենք առաջնորդվում ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որը կոչ է անում միավորվել` պահպանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացնելու պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները` հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման վրա: Այս հանձնառությունների ամբողջական և անշեղ իրագործումը բոլոր պետությունների պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են իրենց անդամակցությամբ: Հայաստանը լիակատար հավատարիմ է այս հանձնառություններին, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ջանքերում»,- ասել է Նալբանդյանը՝ նշելով, որ այս պարտավորություններն են ընկած ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության հիմքում: «Առաջին հերթին սա վերաբերում է ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգին մեր հանձնառությանը: Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն, ինչպես նաև իրավասություն՝ բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ: Հայաստանը նաև իր նպաստն է բերում համաշխարհային խաղաղությանը ուղղակի ճանապարհով՝ մասնակցելով մի շարք խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում, Մալիում: Մենք միացել ենք միջազգային հանրության համատեղ ջանքերին՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, փախստականների հետ կապված իրավիճակին լուծումներ գտնելուն: Միայն Սիրիայից մոտ 22 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեկ շնչի հաշվով դարձնելով մեր երկիրը Սիրիայից փախստականներ ընդունող երրորդ պետությունը Եվրոպայում: Մեր պետությունը ձեռնարկում է առավելագույնը` նպաստելու հանդուրժողականության և միջմշակութային, միջկրոնական երկխոսության խթանմանը, ռասիզմի, ատելության քարոզի և այլատյացության դեմ պայքարին»,- իր ելույթում ասել է ԱԳ նախարարը: Նալբանդյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավվածության ամբողջ խորությունը չափվում է ոչ միայն թվերով, այլև գործի նկատմամբ ջանասիրությամբ, անմնացորդ նվիրվածությամբ ու հանձնառությամբ, որ դրսևորվել է ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի բազմաշերտ գործունեության քսանհինգ տարիների ընթացքում։


«Մեր համատեղ ճանապարհի հաջորդ հանգրվանի մեկնարկին ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական աջակցությունը ՄԱԿ-ի համընդգրկուն և արդյունավետ առաջնորդությանը, որը միտված է միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները կյանքի կոչելուն և ուղղված է ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելուն ու բարեկամական հարաբերություններ հաստատելուն, բաժանարար գծերի վերացմանը, ողջ աշխարհում խաղաղության և բարեկեցության առաջ մղմանը»,- ասել է Նալբանդյանը։

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ