Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մարտի 17-ին հրապարակել է ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույցը: Միջանկյալ զեկույցում մանրամասն ներկայացվում է օրենսդրական դաշտը, ընտրական նոր օրենսդրության պահանջները, առաջադրված քաղաքական ուժերն ու նախընտրական իրավիճակը:
«Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ին: Քարոզարշավը մեկնարկեց բավական պասիվ և միայն վերջին շրջանում ակտիվացավ: Ընտրական օրենսդրությունը ընտրություններին մասնակից ուժերի համար սահմանում է հավասար հնարավորություններ, նախընտրական քարոզարշավի ընթացքում տրամադրվում է վճարովի ու անվճար եթեր, հատկացվում են տեղեր քարոզչական պաստառները փակցնելու համար»,- նշվում է զեկույցում: Անդրադառնալով զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները արձանագրել են, որ խոսքի ազատությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ: «Խոշոր կոմերցիոն հեռուստաընկերությունները ֆինանսավորվում են գործարար կամ քաղաքական շրջանակների կողմից և դա ընկալվում է այնպես, որ դրանք խիստ կապ ունեն կառավարության հետ, ինչպես Հանրային հեռուստաընկերությունը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից հարցված լրագրողներն ասել են, որ կան միջամտություններ իրենց աշխատանքում հատկապես այն դեպքում, երբ քննադատվում է կառավարությունը»,- նշված է զեկույցում:
Միևնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ ինտերնետային ռեսուրսների աշխատանքին որևէ միջամտություն չկա:
Դիտորդները նաև ներկայացրել են, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է ընթացք տա ընտրախախտումներին: Նշվում է, որ տարբեր աղբյուրների (մամուլ, թեժ գծով ստացված զանգեր, զեկույցներ) հիման վրա առանձնացրել է 130 դեպք, որոնց մեծ մասը վերաբերել է ընտրակաշառքին և ընտրական իրավունքների խախտմանը: Դրանցից 31 դեպքը փոխանցվել է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու համար, իսկ մնացածը համարվել է անհիմն:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների կողմից շատ հարցվածներ դիրքորոշում են հայտնել, որ հանրությունը անկեղծ չէ և չի վստահում ընտրական կառույցներին, դատարաններին ու իրավապահներին՝ ընտրախախտման դեպքերին արդյունավետ լուծում տալու համար»,- նշված է զեկույցում: