Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Անտոն Նոսիկն իր բլոգում գրել է, որ մեկնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Առավոտյան գնում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ հինավուրց հայկական Արցախ: Ասում են, ամենագեղեցիկ վայրն է ողջ Անդրկովկասում»,- գրել է Նոսիկը:
Նա նշել է, որ կա կարծիք, որ այնտեղ մուտք գործողները խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սակայն դա նրան չի մտահոգում, քանի որ Ադրբեջանի գոյությունը իբրև ինքնիշխան պետական կազմավորում համարում է պատմական սխալ և թյուրիմացություն: «Ինչպես այդ երկիրը գոյություն չուներ մինչև 1918 թվականը, այնպես էլ հետագա տարիներին աշխարհի քարտեզը կարող էր հանգիստ առանց նրա դիմանալ: Ափսոս, որ այդ երջանիկ հնարավորությունը կորսված է: Ադրբեջանում իշխում է կլեպտոկրատիկ ընտանեկան բռնապետությունը, որտեղ մարդակեր Ռամիլ Սաֆարովին համարում են ազգային հերոս, իսկ բլոգեր Լապշինին՝ վտանգավոր պետական հանցագործ:
Իշխանությունները ոչնչով չեն արժանացել, որ ես հաշվի նստեմ «ճիշտ սահմանների» նրանց կարծիքի հետ»,- ընդգծել է բլոգերը՝ հավելելով, որ բնական հանածոները «աշխարհի քարտեզում Ադրբեջանի ձգձգված ներկայության պահպանման միակ պատճառն են»: Նրա խոսքով՝ Մինսկից Լապշինի արտահանձնումը և Սաֆարովի ազատումը «նավթադոլարներով վճարված գործարքներ են»։ «Ի՞նչ կմնա Ադրբեջանից, երբ այդ փողերը վերջանան: Կապրենք, կտեսնենք: Այնքան էլ երկար չենք սպասելու», - գրել է Նոսիկը: