Մարտի 8-12-ին «ITB Berlin» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանը Վրաստանի հետ ներկայացել է միասնական տուր փաթեթով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
«Բեռլինում անցկացվող «ITB Berlin» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին էկո և արկածային զբոսաշրջությունը ներկայացվում էր Հայաստան-Վրաստան միասնական փաթեթով»,- նշեց կոմիտեի նախագահը:
Նա տեղեկացրեց, որ հենց այդ ցուցահանդեսներին հայկական կողմը հանդիպել է Թաիլանդի, Սինգապուրի և Չինաստանի զբոսաշրջային շուկայի ներկայացուցիչների հետ, ովքեր առաջարկել են Հայաստանին ասիական երկրների համար ունենալ Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի հետ համատեղ միասնական փաթեթներ, քանի որ Ասիայից եկող զբոսաշրջիկի համար դա շատ ավելի դյուրին տարբերակ է: