Իվանկա Թրամփը Սպիտակ տանը աշխատանքային սենյակ կունենա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 35-ամյա դուստրը, սակայն, նախագահական աշխատակազմում որևէ պաշտոն չի զբաղեցնի, հայտնում է Reuters-ը: Գրասենյակը Սպիտակ տան արևմտյան թևում կլինի, որտեղ Օվալաձև կաբինետն է:
Նախագահ Թրամփի ավագ դուստրը հաճախ է մասնակցում հոր և այլ պետությունների ղեկավարների հանդիպումներին: Նրա փաստաբան Ջեյմի Գորելիքը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Իվանկայի ներկայությունը Սպիտակ տանը չի հակասում հովանավորչության մասին օրենսդրությանը՝ նա որևէ պաշտոն չունի և աշխատավարձ չի ստանում, այլ կամավոր է կատարում խորհրդականի պարտականությունները: Politico պարբերականը, վկայակոչելով Գորելիքի խոսքերը, հայտնում է, որ նախագահի դստեր համար հասանելի կլինի գաղտնի տեղեկատվությունը, նրա գլխավոր խնդիրն է՝ լինել հոր «աչքերն ու ականջները»: Իվանկայի ամուսինը՝ Ջարեդ Քուշները Սպիտակ տան ավագ խորհրդականն է: Նրա լիազորությունների շրջանակում ներառված են առևտրային քաղաքականությանը և Մերձավոր Արևելքին առնչվող հարցերը: