Երեկ Երևանում նախաստորագրվել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):
Սա, անշուշտ, կարևոր իրադարձություն է Հայաստանի արտաքին քաղաքականության համար: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ այս փաստաթուղթը կստորագրվի այս տարվա ընթացքում: Նման վստահության հիմքեր կան, որովհետև, համոզված եմ, Ռուսաստանն այս անգամ չի խանգարի գործընթացին, ինչպես դա արեց մոտ չորս տարի առաջ, երբ Հայաստանը ԵՄ-ի հետ պատրաստվում էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Այսօրվա համաձայնագիրը չի ներառում խորը և համապարփակ առևտրի գոտին: Եվ երկրորդ հանգամանքը, որ այս համաձայնագիրը հստակորեն առաջնությունը տալիս է Հայաստանի պարտավորություններին ԵԱՏՄ-ի նկատմամբ: Այլ խոսքով` հեռանկարներ չի բացում ԵՄ-ին Հայաստանի լիարժեք անդամագրման համար:
Այսքանով հանդերձ` այս գործընթացը հնարավորություններ է ստեղծում Հայաստանի եվրոպական զարգացման համար, հաղթահարում է այն ճգնաժամը, որ 2013-ից առկա է մեր երկրի ու եվրոպական կառույցների հարաբերություններում:
ՀԸԳՀ-ի ստորագրման վրա հազիվ թե անդրադառնան Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, չնայած այն համակ ուշադրությանը, որ դրանց հանդեպ տածում են Բրյուսելում և եվրոպական մյուս մայրաքաղաքներում:
Ինձ ավելի շատ հուզում է մեկ այլ հանգամանք. չնայած այս իրարանցումին, մենք ուղնուծուծով ասիացի ենք մնում` մեր մտածեկակերպով ու արժեհամակարգով: Դրա լավագույն վկայությունը` ընթացող ընտրարշավն է:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ