ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՏՐԱՍԵԿԱ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Միրչեա Չոպրագային: ՏՐԱՍԵԿԱ-ն միջազգային տրանսպորտային ծրագիր է, որում ընդգրկված են Եվրոպական միությունն ու Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 14 անդամ-պետություններ:
ՀՀ-ում ՏՐԱՍԵԿԱ ազգային հանձնաժողովի նախագահը Վահան Մարտիրոսյանն է: Նախարարը կարևորել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում բազմակողմ տնտեսական գործակցության հետագա խթանումը: Նա ասել է, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել անդամ-պետություններին` ստորագրված համաձայնագրերին առանց որևէ պայմանների կամ քաղաքականացված վերապահումների միանալու գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մուլտիմոդալ փոխադրումների և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Միրչեա Չոպրագան հայտնել է, որ Միջկառավարական հանձնաժողովը պատրաստակամ է ընդունել հայկական կողմի առաջարկությունները` անդամ-պետությունների հետ տնտեսական և տրանսպորտային կապը զարգացնելու նպատակով: Հայաստանը ՏՐԱՍԵԿԱ-ի հաջորդ նախագահող երկիրն է: