«Ելք» դաշինքի ղեկավարներից Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանի շաբաթօրյա ելույթին, որում Հայաստանի նախագահը ակնարկ էր արել բակերում, ավտոտնակների տանիքներից քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանի մասին: Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարեց՝ ժողովրդին հուսահատության փոսից հանելու համար պատրաստ են ցատկոտել տանիքներին. «Նա մեզ ասում է, թե իրեն դուր չի գալիս, որ մենք տանիք ենք բարձրանում: Բայց կներեք, այսօր Հանրապետական կուսակցությունը որպես պատգամավորի թեկնածու առաջադրել է մարդկանց, ովքեր 10 տարի Ազգային ժողովի պատգամավոր լինելով ոչ միայն տանիք, այլև Ազգային ժողովի ամբիոն չեն բարձրացել: Այդ մարդկանց ինչի՞ համար եք պատգամավորի թեկնածու առաջադրել»: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե եթե ՀՀԿ-ն հաղթի ընտրություններում, ինչ-որ կարգավիճակում ինքը դերակատարություն կունենա ժողովրդի անվտանգության ապահովման հարցում, բացի այդ՝ հակառակորդը գիտի, որ Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթի հարկ եղած դեպքում «Իսկանդերները» կիրառելու հարցում, Փաշինյանը պնդեց՝ այսօր Սերժ Սարգսյանն է Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծած անձը:
«Ինչքան էլ «Իսկանդերը» գերժամանակակից տեխնիկա լինի, դա չի կարող 80-ականների խոդ չընկնող տանկերի հետ մեկ միասնական անվտանգային համակարգ դառնալ: Դա նույնն է, թե որևէ մեկը փորձի 80-ականների արտադրած խորհրդային Рекорд հեռուստացույցը կառավարել Panasonic հեռակառավարման վահանակի օգնությամբ»,- հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով. «Սերժ Սարգսյանը տանուլ է տվել Հայաստանի ազգային անվտանգությունը և հայ ժողովուրդը պետք է հրաժարվի նրա ծառայություններից անվտանգության ոլորտում»: