Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները վճռականորեն դատապարտում են Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին անսահմանափակ իշխանություն է ընձեռում: Մարտի 27-ին Բունդեսթագում Ձախերի կուսակցության կազմակերպած գիտաժողովի շրջանակում Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթը աղետ որակեց Թուրքիայում կատարվող իրադարձությունները:
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Թուրքիայում, իրադարձությունների բնականոն ընթացք չէ, այլ միայն նախապես հաշվարկած պլան: Երկրում, որը ՆԱՏՕ-ի անդամ է և հավակնում է ԵՄ անդամ դառնալ, ոտնահարվում են քաղաքացիական իրավունքները, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները ձերբակալվում են: Թուրքիայում ամառվանից մինչ օրս ես կարող եմ խոսել երկու հեղաշրջման մասին: Առաջինը պետական հեղաշրջում էր, որը տապալվեց, իսկ երկրորդը կազմակերպել է Էրդողանը սեփական երկրի սահմանադրության դեմ: Եվ այս մեկն արդեն հաջողված է թվում: Էրդողանը փաստացի լուծարում է խորհրդարանը` ձերբակալելով պատգամավորներին: Նա դա անում է հանրաքվեի միջոցով, որը ուժազուրկ է անում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը»,- ասաց Նորբերտ Լամերթը:
Բունդեսթագի նախագահն անդրադարձավ Գերմանիայում կատարվող իրադարձություններին Էրդողանի միջամտելուն` օրինակ բերելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո թուրքական կողմի արձագանքները: «Այդ բանաձևով Գերմանիան իր պատասխանատվությունն ընդունեց, քանի որ դա տեղի էր ունեցել մեր պասիվ միջամտությամբ: Եվ մենք տեսանք, թե ինչ արձագանքներ եղան Թուրքիայից: Էրդողանը Բունդեսթագի թուրք պատգամավորներին PKK- ի ահաբեկիչներ որակեց և կոչ արեց արյան անալիզ հանձնել, համոզվելու համար, որ նրանք իրոք թուրք են: Ես դա չեմ կարող հասկանալ մի երկրում, որն իրեն քաղաքացիական հասարակության և իրավական պետության հետևորդ է համարում»,- եզրափակեց Լամերթը:
Գիտաժողովում պատգամավորները ևս մեկ անգամ դատապարտեցին Թուրքիայում ատելություն և ազգայնականություն սերմանելու երևույթը: Ձախերի կուսակցության անդամ, ծագումով թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենը կարծում է, որ հեղաշրջման փորձն իսկական Աստծո պարգև էր Էրդողանի համար. «Դա ազատեց Էրդողանի ձեռքերը: Այն, ինչ նա անում է հեղաշրջման կազմակերպիչներին պատժելու քողի տակ, իսկական սիստեմատիկ պետական ահաբեկչություն է»:
Ձախերի խմբակցության ղեկավար Սառա Վագենկնեխթն ընդգծեց, որ Գերմանիան չպետք է թույլ տա Էրդողանին իր օրենքները թելադրել իրեն` շահարկելով միգրացիոն գործարքն ու ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը: «Գերմանիան պետք է դադարի զենք տրամադրել Թուրքիային և հետ կանչի Ինջիրլիք բազայում ծառայող գերմանացի զինվորականներին: Էրդողանն ահաբեկիչ է որակում իր ընդդիմադիրներին և ոչ միայն կոչ անում ոչնչացնել նրանց, այլև իրագործում դա»,- եզրափակեց պատգամավորը: