«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր ծրագրում, հրապարակային ելույթներում չի թաքցնում, բացեիբաց հայտարարում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմից հանելու և Եվրամիություն տանելու մտադրության մասին: Այս կուսակցությունը, ինչպես նաև «Ելք» դաշինքը ամեն հնարք գործադրում են ԵԱՏՄ-ն քննադատելու, սևացնելու, գրեթե չարիք ներկայացնելու համար:
Ո՞րն է իրականությունը, առաջիկա ընտրություններում հաղթելու և իշխանության գալու դեպքում ի՞նչ հետևանքների կհանգեցնի նրանց հիշյալ մտադրության իրականացումը, եթե նույնիսկ Եվրամիությունը Հայաստանն ընդգրկի իր կազմում, ինչն իրատեսական չէ, եթե, ամեն ինչից զատ, հաշվի առնենք նաև, որ ավելի վաղ դեպի Արևմուտք կողմնորոշված և Արևմուտքին իրենց հավատարմությունը հայտնած, դրսևորած Վրաստանին և ՈՒկրաինային Եվրամիությունը վերջերս այդ առումով մերժել է: Այս և խնդրի հետ կապված այլ հարցերի պատասխանները ստանալու համար դիմեցինք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՆ, որի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:
-Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցությունից հետո, եթե մենք համեմատենք մեր երկրի տնտեսական վիճակը, տնտեսական հիմնական բնութագրիչները մինչ ԵԱՏՄ-ին անդամակցելը եղած վիճակի հետ, ի՞նչ եզրակացություններ կարող ենք կատարել:
-Այդ տվյալները բոլորին հասանելի են, Ազգային վիճակագրական ծառայությունը տնտեսական հիմնական ցուցանիշները հրապարակում է, բայց կարևորն այստեղ միտումները տեսնելն է: Նախ, անցած 2 տարվա ընթացքում` 2015 և 2016 թվականներին, հետխորհրդային տարածքում ընդհանրապես գրանցվեցին բավական բացասական զարգացումներ, առաջին հերթին տեղի ունեցավ ազգային արժույթների ոչ թե արժեզրկում, այլ գերարժեզրկում, ընդհուպ մինչև 100 տոկոս և ավելին: Խոսքս վերաբերում է ղազախական տենգեին, ադրբեջանական մանաթին, ռուսական ռուբլուն և այլ արժույթների: Բոլոր երկրներն անխտիր ոչ միանիշ, այլ երկնիշ թվով ունեցան ազգային արժույթների գերարժեզրկում, այլ կերպ ասած, հիպերինֆլյացիա: Եվ այս պայմաններում առաջին կարևոր ցուցանիշը, որի մասին շատ քիչ են խոսում կամ գրեթե չեն խոսում, այն է, որ նույն ժամանակաընթացքում մեր ազգային արժույթը` հայկական դրամը, այնուամենայնիվ, բավական կայուն վարքագիծ դրսևորեց:
Երկրորդ. Հայաստանը միակ երկիրն է ԱՊՀ երկրներից, որի արտահանումը դեպի Ռուսաստան 20 տոկոսով աճեց, դարձյալ երկնիշ թվով, որն աննախադեպ ցուցանիշ է ոչ միայն համեմատած այլ երկրների հետ, այլև հենց Հայաստանի տնտեսական ցուցանիշների հետ, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 2015 թվականը, այնուամենայնիվ, մեզ համար էլ բարենպաստ տարի չէր, և մենք մի կերպ կարողացանք տնտեսական անկումից խուսափել:
Կարող եմ բերել նաև այլ ցուցանիշներ, բայց էականը ոչ այնքան այդ ցուցանիշներն են, որքան այն, թե ինչ կլիներ Հայաստանի հետ, եթե մեր երկիրը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը: Այս հարցն ինձ ավելի շատ է մտահոգում, քան այն ցուցանիշները, որոնք կարող են մի տարի այսպես լինել, մյուս տարի` այլ կերպ: Իհարկե, չմոռանանք նաև, որ ռուսական գազի գնի որոշակի նվազեցում կատարվեց Հայաստանի համար, որը հիմա մեր երկրի համար ավելի նպաստավոր գնով է վաճառվում: Կան այլ գործընթացներ նույնպես, հիմա չեմ ուզում բոլորին անդրադառնալ: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանը, տարբեր մոտեցումներով, տնտեսության տարբեր ճյուղերում, ընդհանուր առմամբ, առնվազն 550-560 միլիոնից ընդհուպ մինչև 900 միլիոն դոլարի, նույնիսկ 1 միլիարդ դոլարի վնասներ կարող էր կրել, եթե ԵԱՏՄ-ին առնչվող այս ինտեգրացիոն գործընթացներում ներգրավված չլիներ:
Միայն այն փաստը, որ վերջին տարիներին մեզ համար իսկապես դժվար, ծանր պայմաններում հնարավոր եղավ բարելավել տնտեսական որոշ ցուցանիշներ: Եթե նայենք մեր ապրանքների արտահանման աշխարհագրությանը և այն ծրագրերին, որոնք կարող են մոտ ապագայում կյանքի կոչվել, ես լավատես եմ: Այսինքն` թեև կան դժվարություններ, որովհետև Եվրասիական տնտեսական միությունը, այնուամենայնիվ, դեռևս կայացած կառույց չէ ու բավական ճանապարհ պետք է անցնի, որ դառնա նույնքան մրցունակ, որքան, ասենք, Եվրամիությունը, այնուամենայնիվ, բացահայտ ճշմարտություն է, որ Հայաստանը մեկուսանալ չէր կարող տարածաշրջանային ինտեգրման այդ գործընթացներից և ձևաչափերից: Սա մեկ այլ առիթով արդեն ասել եմ, ցանկանում եմ նորից կրկնել` քաղաքական և տնտեսական առումով դա կլիներ ինքնասպանություն:
Կարծում եմ, մինչ Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացումը, Հայաստանը. հարևան ունենալով երկու թշնամի երկրներ, պետք է ամեն ինչ անի` տարածաշրջանային տնտեսությանն ինտեգրվելու համար: Եթե դիտարկենք բառացիորեն բոլոր զարգացած երկրները, կտեսնենք, որ նրանք հաջողակ չէին կարող լինել, եթե, նախևառաջ, ինտեգրված չլինեին իրենց տարածաշրջաններում, չզարգացնեին առևտրատնտեսական արդյունավետ կապեր իրենց տարածաշրջանում, այսինքն` աշխարհագրորեն մոտ գտնվող հարևանների հետ:
Եթե ցանկանում եք, ուրիշ ցուցանիշներ էլ կարող եմ բերել, օրինակ, Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հաշվարկները ցույց են տալիս, որ, օրինակ, զբոսաշրջային առումով հրապուրիչ Եվրամիության այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունաստանը, Իսպանիան և այլն, զբոսաշրջիկներ գալիս են աշխարհի տարբեր երկրներից, սակայն նրանց գերակշիռ մասը` 70 տոկոսից ավելին, հենց տարածաշրջանի զբոսաշրջիկներն են, որոնց հաշվին էլ ստացվում է շահույթի մեծ մասը: Սա շատ ցցուն օրինակ է, որը ցույց է տալիս, որ պետք է առավելագույնս օգտագործենք տարածաշրջանի (լայն իմաստով) երկրների հետ մեր կապերի զարգացումից բխող հնարավորությունները: Խոսքս միայն զբոսաշրջության զարգացման մասին չէ, ժամանակի ընթացքում տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միավորումներում, ինչպիսիք են Եվրամիությունը, Եվրասիական տնտեսական միությունը, Հյուսիսամերիկյան ազատ առևտրի գոտին և այլն, տեղի է ունենում աշխատանքի միջազգային բաժանում, որը նաև հստակություն է մտցնում ռեսուրսների արդյունավետ բաշխման և այլ հարցերում:
-Նրանք, ովքեր դեմ են արտահայտվում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ասում են` մենք ի՞նչ շահեցինք, Հայաստանն ունի տնտեսական անկում, ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:
-Նախ և առաջ, Հայաստանում, տարվա կտրվածքով, տնտեսական անկում չի գրանցվել, նման բան գոյություն չունի, այնպես որ, պետք է հիասթափեցնեմ ընդդիմախոսներին: Նախորդ տարվա առանձին ամիսներին եղել է անկում, եղել են այդպիսի միտումներ, բայց, կրկնում եմ, ինչպես 2015 թվականին, այնպես էլ անցած տարի մենք, մեկ տարվա կտրվածքով կամ տարվա արդյունքներով, անկում չունենք: Այլ խնդիր է, որ մեր տնտեսության վիճակը չի կարող բավարարել:
-ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ քաղաքական որոշ ուժեր էլ փորձում են հասարակությանը հավատացնել, թե Եվրամիության անդամ դառնալու դեպքում մեր երկիրն ավելի կշահեր, քան ԵԱՏՄ անդամ դառնալով: Կարելի՞ է հավատալ սրան, ո՞րն է իրականությունը:
-Որևէ երկիր, անդամակցելով որևէ տարածաշրջանային միության, միանգամից չի կարող շտկել իր վիճակը, դրա համար տարիներ են պետք: Եվրամիության անդամ երկրները, ընդհանրապես, Եվրամիությունն անցել է կեսդարյա ճանապարհ, մինչև կարողացել է ընդհանուր համաձայնության գալ անդամ երկրների հետ` ներդաշնակեցնելու տնտեսական քաղաքականության առանձին ուղղություններ և ներկայացնելու, ասենք, միասնական արժույթ ու գալով զարգացման բարձրագույն մակարդակի: Այսինքն` ԵԱՏՄ-ում այս առումով հրաշքներ սպասել, իհարկե, պետք չէ, առավել ևս, չի կարելի որոշ անկումային միտումներ պայմանավորել ԵԱՏՄ-ին անդամակցելով և Եվրամիությանը չանդամակցելով: Այսինքն` ես կարծում եմ, որ այդ միտումները Եվրասիական տնտեսական միության հետ անմիջականորեն կապելու պարագայում գոնե պետք է ասել, թե ի հաշիվ ո՞ր գործոնի այդ անկումը եկավ Եվրասիական տնտեսական միությունից: Այդպիսի բան ես գոնե չեմ տեսնում, ընդհակառակը` ընդգծեցի, որ Եվրասիական տնտեսական միությունում կային բացասական երևույթներ, որոնք բացարձակապես չազդեցին մեր ազգային արժույթի վրա, այլ առումներով` նույնպես… Ավելին. Հայաստանից արտահանումը Եվրասիական տնտեսական միության անդամ և հիմնադիր երկրներից Ռուսաստանի Դաշնություն` երկնիշ թվով ավելացել է, ինչը, սակայն, բնավ չէի պայմանավորի ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցությամբ: Միաժամանակ, կարող եմ պնդել, որ եթե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանը չանդամակցեր, մեծ վնասներ կարող էինք ունենալ: Օրինակ, գազի գինը, կարծում եմ, չէր նվազեցվի: Մինչդեռ մենք հիմա լավատեսական սպասումներ ունենք նաև աբխազական երկաթուղու վերաբացումից, ընդհանրապես, տարբեր գործընթացներից` ավելի ազատական ռեժիմ և այլն: Գիտեք, 800-900 արտադրատեսակների գծով Հայաստանին ժամանակավորապես (մինչև մրցունակության առավել բարձր մակարդակ ձեռք բերելը) տրված արտոնությունները, որոնց շնորհիվ երրորդ երկրներից ապրանքներն այստեղ, ի տարբերություն ԵԱՏՄ այլ երկրների, ներմուծվում են նախկին մաքսատուրքերով: Առնվազն դիլետանտ պետք է լինել` տեղյակ չլինելու համար այս գործոններին, փաստերին, և ասելու, թե բացասական ազդեցություն կա, և այդ բացասական ազդեցությունը հենց Եվրասիական տնտեսական միությունից է:
-Հայաստանում այսօր գործող արևմտամետ և ազատական ուժերը բացահայտ հայտարարում են Հայաստանը ԵԱՏՄ կազմից հանելու և դեպի Արևմուտք, դեպի Եվրամիություն տանելու իրենց ծրագրերի մասին: Մերձբալթյան երկրները և ՈՒկրաինան վաղուց հնարավորություններ ունեին դեպի Եվրոպա թեքվելու, Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները փչացնելով, նույնիսկ թշնամանալով, այս կամ այն չափով թեքված էլ են: Նրանց տնտեսական վիճակը վերջին տարիներին, հիմնական բնութագրիչներով, ինչպիսի՞ն է: Օրինակ, մերձբալթյան երկրներում կա՞ն եվրոպական երկրների լուրջ ներդրումներ արդյունաբերության ոլորտում, մերձբալթյան երկրներից ինչ-որ արտադրանքներ լուրջ ծավալներով արտահանվո՞ւմ են եվրոպական երկրներ կամ Ամերիկա, իրացվո՞ւմ են այնտեղ, այսինքն` նրանք Արևմուտքում շուկա ունե՞ն… Թե՞ արևմտյան շուկան նրանց ապրանքներին տեղ չի տալիս, որովհետև դրանք պահանջվող որակը չունեն, քանի որ Արևմուտքը նրանց չի տվել որակյալ, մրցունակ արտադրանքներ արտադրելու համապատասխան տեխնոլոգիաներ:
-Տեսնենք, թե այն երկրները, որոնք եվրաինտեգրացիայի ճանապարհը բռնել են և Եվրամիության անդամ են` Ռումինիան, Բուլղարիան, Հունգարիան, Ձեր նշած մերձբալթյան երկրները և ուրիշներ, ինչպես նաև այն երկրները, որոնք հետխորհրդային տարածքի երկրներ լինելով, միանշանակ կողմնորոշում ունեն դեպի Եվրամիություն, ինչ արդյունքներ են ստացել մինչ օրս: Առաջին խմբի երկրներից հաջողակը միայն Լեհաստանն է, միակ երկիրը, որը հստակ կարողացավ շահել, իսկ թե ինչու, կներկայացնեմ առանձին, որովհետև հատուկ ուսումնասիրել եմ Լեհաստանի օրինակը: Դա, ինչպես ասում են, լրիվ այլ պատմություն է: Մնացած բոլոր երկրներն արձանագրել են լուրջ հետընթաց:
Եթե Հայաստանի Հանրապետության համար, օրինակ, բացի տնտեսական խնդիրներից, տնտեսական անվտանգության, ժողովրդագրական անվտանգության և, ընդհանրապես, ազգային անվտանգության տեսանկյունից մեծագույն սպառնալիք է նաև արտագաղթը, ապա մերձբալթյան երկրներում ուղղակի գյուղեր են ամայանում, քաղաքները թերբնակեցված վիճակում են հայտնվում, բնակչության բնական աճ չկա, ընդ որում` մերձբալթյան բոլոր երեք երկրներում: Դրանից բացի, գրանցվել է արտադրության մակարդակի անկում բոլոր ուղղություններով` և՛ գյուղատնտեսության, և՛ արդյունաբերության: Օրինակ, ռադիոէլեկտրոնիկայի, կենցաղային իրերի արտադրությունը, ինչով մերձբալթյան երկրները ժամանակին որոշակի համբավ, հեղինակություն, այսպես ասած, բրենդ ունեին, բոլորը վերացել են: Եվրոպական տեխնիկական չափանիշները թույլ չեն տալիս այդ ապրանքները սպառել եվրոպական շուկայում: Նախկին` ռուսական և խորհրդային շուկան չկա և, բնականաբար, այլընտրանքից զրկվել են:
Միևնույն ժամանակ, Եվրամիության երկրները մերձբալթյան երկրներում լուրջ արտադրություններ չեն հիմնել, ներդրումներ չեն կատարել արտադրության ոլորտում, տեխնոլոգիաներ և արտադրական սարքավորումներ չեն նվիրել կամ վաճառել: Նույնը, անշուշտ, կարելի է ասել Բուլղարիայի մասին: Այստեղ միայն զբոսաշրջությունն է դրականորեն առանձնանում, որը ավանդական ճյուղ է, և համեմատաբար ցածր գների պատճառով շատ զբոսաշրջիկներ նախընտրում են այնտեղ ժամանակ անցկացնել, հանգստանալ: Սակայն, զբոսաշրջությունը տնտեսության համար երբեք չի կարող լինել հիմնական ուղղություն ու փոխարինել նյութական բարիքների արտադրությանը:
Բուլղարական մեզ հայտնի պահածոները` պղպեղի, լոլիկի և այլն, որոնք մեծ համբավ ունեին Խորհրդային Միությունում, այսօր եվրոպական շուկայում պարզապես տեղ չունեն: Նույնը վերաբերում է Ռումինիայի տնտեսությանը, Հունգարիայի տնտեսությանը: Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում սարսափելի հետընթաց կա բոլոր տնտեսական ցուցանիշների գծով: Ավելին. կոռուպցիայի մակարդակը եթե դիտարկենք վերջին տարիների և, ընդհանրապես, վերջին ավելի քան 10 տարվա կտրվածքով` հիմք ընդունելով «Թրանսփերենսի ինթերնեյշընլի» հրապարակած տվյալները, նույնպես հետընթաց և լրջագույն սպառնալիքներ կան: Ինչ վերաբերում է ՈՒկրաինային և Վրաստանին, որոնք վերջին տարիներին եվրոպական ինտեգրման հստակ կուրս են վերցրել, ապա այնտեղ էլ վիճակը մխիթարական չէ, հատկապես ՈՒկրաինայում:
Եթե համեմատում ենք բնական հարստությունների և մարդկային ռեսուրսների առումով, ապա տեսնում ենք, որ ՈՒկրաինան եվրոպական առաջատար երկրներից, օրինակ, Ֆրանսիայից շատ ավելի հարուստ է: Սակայն, ՈՒկրաինան ոչ միայն չկարողացավ հաջողությամբ, արդյունավետ կերպով իրացնել իր ռեսուրսները և դուրս գալ մրցունակության բարձր մակարդակ, այլև համախառն ներքին արդյունքի այն ծավալները, այն ցուցանիշները, որոնք ուներ մինչև հայտնի ցնցումները, էապես կորցրեց, դրանք երկու անգամ նվազել են: Սա եղավ այն գինը, որն ՈՒկրաինան վճարեց եվրաինտեգրման այս ամբողջ գործընթացների համար: Մինչդեռ, բոլորովին վերջերս Եվրամիությունից շատ հստակ ուղերձ եղավ, որ ոչ ՈՒկրաինան, ոչ Վրաստանը չեն կարող տեսանելի ապագայում ընդգրկվել Եվրամիության կազմում: Այդպիսի ուղերձ եղել է նաև ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու, անդամակցելու առնչությամբ:
Վրաստանում գործընթացները, իհարկե, մեզ տպավորում են օրինապաշտության առումով, օրենքի գերակայության առումով բավական դրական տեղաշարժեր տեղի ունեցան Վրաստանում, և Վրաստանն այսօր չի կարելի համեմատել, ասենք, 15 տարի առաջվա Վրաստանի հետ: Բավական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, բայց թե ինչ նստեց Վրաստանի վրա դեպի Արևմուտք կողմնորոշումը, և ինչից զրկվեցին, սա ևս արժե հիշատակել կամ հիշել:
Սաակաշվիլու ժամանակվա Վրաստանում նախագահը, վարչապետը, նախարարները, պետական շատ այլ չինովնիկներ ստացան բավական բարձր աշխատավարձեր, բայց չմոռանանք, որ այդ գումարները փոխանցվում էին Միացյալ Նահանգների դաշնային բյուջեից, ինչը չեն թաքցնում ոչ Միացյալ Նահանգները, ոչ Վրաստանը: Դա այն գումարն էր, որը վճարվեց արևմտյան կողմնորոշման համար: Վրաստանն այսօր տնտեսական ցուցանիշների առումով նույնպես բավական լուրջ հետընթաց ունի, վրացական լարին 2015 թվականին բավական լուրջ ցնցումներ է ունեցել, ինչն ավելի է դժվարացնում տնտեսության առաջխաղացումը:
-Մենք ընդհանրապե՞ս պետք է հրաժարվենք Եվրամիության հետ համագործակցությունից:
-Իմ ասածները բնավ չեն նշանակում, թե Հայաստանը չպետք է շարունակի Եվրոպայի հետ սերտ համագործակցությունը, ճիշտ հակառակը` մեզ համար Եվրամիությունը եղել և մնում է մրցունակության առումով, ներդրումների գրավչության առումով, էտալոնային տարբեր առումներով բավական ուսանելի ինտեգրացիոն ձևաչափ: Սակայն, չպետք է մոռանանք, որ Հայաստանի տնտեսությունն առայժմ շատ խոցելի վիճակում է գտնվում, և որպեսզի Հայաստանն ունենա բավարար թթվածին` հասնելու այդ նշաձողերին:
Մեզ համար շատ ավելի կարևոր է, որ կարողանանք մեր առանձին ապրանքների և ծառայությունների գծով մրցունակության մակարդակն ընդունելի դարձնել Եվրոպայում ու պահանջարկ ձևավորել, քան ներկայիս քաղաքական կոչերին տրվելը, որոնցում ես որևէ լուրջ բան չեմ տեսնում: Ամեն ինչից զատ, Եվրոպան այսօր բավական լուրջ խնդիրների առջև է կանգնած և դրանք դեռ չի լուծել: Ոչ Հունաստանի խնդիրն է լուծված, ոչ Պորտուգալիայի, ոչ Իսպանիայի արտաքին պետական պարտքի: Այլ խնդիրներ էլ կան, չմոռանանք, որ Մեծ Բրիտանիան բոլորովին վերջերս լքեց Եվրամիությունը, և խոսում են այդ կառույցում հնարավոր ցնցումների մասին: Այսինքն` իրատեսական և արդյունավետ եմ համարում Եվրամիության հետ համագործակցությունը որոշակի ուղղություններով, որը մեր երկրին օգուտ կբերի և նաև փոխշահավետ կլինի Եվրոպայի համար, քան Հայաստանի կողմնորոշման ուղղությունը դեպի Եվրամիություն փոխելու կոչերին հետևելը, որոնց հետևանքները պետք է իրենց մի քիչ նեղություն տան ու հաշվարկեն այդ կոչերի հեղինակները, գիտակցեն, թե դա ինչ կնստի Հայաստանի վրա: Նրանց առաջարկած Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությունը կնշանակի զրկել մեր երկիրն այսօր ունեցած ինտեգրացիոն ձևաչափերի ընձեռած հնարավորություններից, կողմնորոշել մի ուղղություն, որից օգուտների փոխարեն վնասներ ստանալու մասին այլ երկրների օրինակով արդեն նշեցի: Եվրասիական տնտեսական միությունը նսեմացնելն ու չարիք ներկայացնելը, կարծում եմ, անընդունելի է:
Ամենակարևորն ինձ համար, որպես հայի, ազգային օրակարգի ձևավորումն է, մենք կարող ենք հարաբերվել և՛ Ռուսաստանի, և՛ Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների, և՛ եվրոպական երկրների, և՛ Միացյալ Նահանգների, և՛ ասիական երկրների հետ, բոլորի հետ, ինչը և անում ենք, սակայն եթե չունենանք ազգային օրակարգ, կարող ենք լուրջ կորուստներ ունենալ: Այս տեսանկյունից, կարծում եմ, խելամիտ է ոչ միայն մտածել, թե ինչպես բավարարել այս կամ այն կողմի քմահաճույքները կամ պահանջները, այլև դրա հետ մեկտեղ մտածել` իսկ ի՞նչ է ստանալու Հայաստանը առաջընթացի, զարգացման և կյանքի որակի բարձրացման համար: Սա, կարծում եմ, լրջագույն խնդիր պետք է լինի բոլորիս համար:
Լեհաստանը հենց այս օրինակն էր, որ Խորհրդային Միության փլուզումից հետո, ես կասեի, նույնիսկ դրանից առաջ, 80-ական թվականների վերջին ձևավորեց իր ազգային օրակարգը, կարողացավ իր զարգացման մոդելն ուրվագծել: Հիշեցնեմ, որ միակ երկիրն էր, որը գիտակցաբար «ոչ» ասաց եվրոյին` այդ գրավիչ միասնական արժույթին, թեև շատերի համար երանելի էր եվրոյի գոտու մեջ մտնելը, պահպանեց ազգային արժույթը, և 2008 թվականին, երբ վրա հասավ ֆինանսական ճգնաժամը, միակ երկիրը, որ 2009 թվականին տնտեսական անկում չունեցավ (բոլոր զարգացած, Եվրամիության հիմնադիր երկրները` Գերմանիան, Ֆրանսիան, մյուսները տնտեսական անկումներ ունեցան), Լեհաստանն էր` շնորհիվ իր ազգային օրակարգի, հստակ տնտեսական քաղաքականության ու նաև ազգային արժույթի, դրամավարկային քաղաքականության, որը նույնիսկ ապահովեց, եթե չեմ սխալվում, 3 տոկոս և ավելի տնտեսական աճ:
Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ