Ընդհանուր ընտրողների թվով խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն, ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնների հարցումների, կարող է հավաքել ձայների 45,5 տոկոսը, 35,5 տոկոսը՝ «Ծառուկյան» դաշինքը, մնացած ուժերը միասին կարող են հավաքել 19-20 տոկոս ձայն։ Հարցումների արդյունքները լրագրողներին ներկայացնելով՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ընդգծեց, որ ցուցանիշներում հաշվի է առնված նաև կազմակերպչական ռեսուրսը և վարկանիշային թեկնածուների գործոնը։
Նրա խոսքով՝ Երևանում և մարզերում տարբեր են նախընտրելի ուժերն ու թեկնածուները։ Երևանում, օրինակ, Գագիկ Ծառուկյանի հետ մեծ հույսեր չեն կապում, քանի որ, ըստ Ադիբեկյանի, Երևանում խաղողագործությամբ չեն զբաղվում։ «Կարեն Կարապետյանն այսօր ամենաազդեցիկ, ամենախոստումնալից, ամենաընդունելի քաղաքական գործիչն է, նրա ռեյտինգը հարցումների երեք ցուցանիշներով կազմում է մոտ 60 նիշ, Գագիկ Ծառուկյանը՝ 40 նիշ։ Բնակչության մեծ մասն իրենց հետ մեծ հույսեր է կապում»,- հայտարարեց Ահարոն Ադիբեկյանը։ «ՀՀԿ-ն Տավուշի մարզում զիջում է «Ծառուկյան» դաշինքին, սակայն հարցվողների մեծ մասն ասել է, թե հարգում է Գրիգոր Ավալյանին, հետևաբար ձայնը տալու են ՀՀԿ-ին»,- ասաց Ադիբեկյանը՝ հավելելով, թե այս պարագայում արդեն նաև կարևոր է վարկանիշային թեկնածուների ազդեցությունը։
Սոցիոլոգի խոսքով՝ Միհրան Պողոսյանին կարող է չսիրեն, բայց «Քեթրին» ընկերությունը բարեգործություններ է արել, հետևաբար, ստանալու է ընտրազանգվածի քվեն։