ԿԸՀ-ն ծանոթացել է տեսանյութին, որտեղ կա Ընտրական օրենսգրքի պահանջների խախտում՝ տեղեկացրել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: «Նախընտրական քարոզչության ժամանակ, քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: ԿԸՀ-ն խախտման մասին իրազեկել է համապատասխան կուսակցության լիազոր ներկայացուցչին և կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գագիկ Մելիքյանին` պահանջելով դադարեցնել խախտումը և ձեռնպահ մնալ հետագայում օրենքի նման խախտումներ թույլ տալուց»,- փոխանցեց ԿԸՀ ներկայացուցիչը:
«Ազատություն» ՌԿ-ն հրապարակել էր տեսանյութ, որտեղ Պառավաքարում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Մելիքյանը բնակիչներից մեկին խոստանում է 154 հազար դրամ՝ առողջական խնդիրները լուծելու համար: