Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռացումն այլևս ԱՄՆ-ի քաղաքականության գլխավոր նպատակը չէ այդ երկրում՝ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին: Նա ասել է, որ ամերիկացիների համար գլխավոր գերակայությունը կդառնա սիրիացիների կյանքի բարելավման ուղիների որոնումը:
Հեյլիի խոսքով՝ այս քաղաքականությունն է վարվելու նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, մինչդեռ Բարաք Օբաման մտադրվել էր հասնել Ասադի պաշտոնանկության: Վերլուծաբանների կարծիքով՝ թեև Սիրիայում Ասադի դիրքերն ինչ-որ պահի թուլացել էին, այժմ նա ավելի վստահ դիրք ունի, քանի որ ապահովել է Ռուսաստանի աջակցությունը, հատկապես ռազմական: