Տեր-Պետրոսյանին գիտեմ որպես պրագմատիկ մարդ, և եթե նա նման հայտարարություններ է անում, նշանակում է՝ հասկանում է, որ Հայաստանի զարգացման ուղին անցնում է Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհով՝ ասել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:
Մութալիբովը haqqin.az-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ խաղաղություն պետք է հակամարտող երկու կողմերին էլ: «Եթե նա ձեռք է մեկնում մեզ, չպետք է մերժենք»,- ասել է Ադրբեջանի նախկին նախագահը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է առաջ նայեն՝ մտածելով երկու երկրների, տարածաշրջանի բարօրության մասին: «Այլ ելք չունենք. կամ պետք է առհավետ թշնամություն անենք, կամ պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ խաղաղության մասին պայմանավորվելու համար»,- ասել է Այազ Մութալիբովը: «Միշտ կարծել եմ և կարծում եմ, որ խաղաղ գոյակցությունն այլընտրանք չունի: Այստեղ քաղաքական կամք է պետք և մեր կողմից, և հայկական կողմից, որ այս ցավոտ խնդիրը լուծենք: Ոչ ոք չի լուծի այս խնդիրը մեր փոխարեն. ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ ուրիշ մի խումբ: Մենք բոլորս պետք է մեր ժողովուրդներին խաղաղության պատրաստենք»,-հավելել է Ադրբեջանի նախկին նախագահը: