ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իրենք անպայման լինելու են առաջին եռյակում. «Ես ուզում եմ պնդել, և ինձ թվում է` մի քանի օր հետո բոլորդ կհամոզվեք, որ «Հայկական վերածնունդը» կլինի առաջին եռյակում խորհրդարանական մտնող քաղաքական ուժերի: Տեղեր կլինեն, որտեղ մենք կգրավենք առաջին տեղը, տեղեր կլինեն, որտեղ մենք կգրավենք երկրորդ տեղը, տեղեր կլինեն, որտեղ մենք կգրավենք երրորդ տեղը: Ես քսանամյա քաղաքական փորձառություն ունեցող քաղաքական գործիչ եմ և եթե ինձ թույլ եմ տալիս նման եզրահանգում անելու, ինձ թվում է, մի քանի օրից մենք դրանում բոլորս կհամոզվենք»: Լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, թե նախընտրական շրջանում իրականացված սոցիոլոգիական հարցումները «կեղծ էին և պատվիրված»։
Որպես ապացույց, Բաղդասարյանը հիշեցրեց 2003-ի նախագահական ընտրությունները. «Այսօր առավոտյան իմ ընկերների հետ հիշում էինք նախագահական ընտրությունները, երբ որ ինձ տալիս էին երեք տոկոս: Թե ինչքան հավաքեցի, բոլորը գիտեն: Այնպես որ, ինչպես ընդունված է նաև Հայաստանում և շատ երկրներում, այսօր կան կազմակերպություններ, ովքեր պատվերով հարցումներ են կատարում՝ վճարովի ծառայություն: «Հայկական վերածնունդը» նման ծառայություններից չի օգտվել»:
Հետընտրական զարգացումների վերաբերյալ մեկնաբանություններից Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց՝ բայց չբացառեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը. «Հետընտրական ցանկացած զարգացումների մասին մենք կխոսենք ընտրությունների արդյունքներից հետո: Մենք հստակ մեր քաղաքական դիրքորոշումը ներկայացրել ենք, որ «Հայկական վերածնունդը» որևիցե կոալիցիայում կլինի միայն որոշումների վրա իրական ազդեցության դեպքում»:
Նա կոչ արեց ժողովրդին, որ եթե անգամ կարիքից դրդված ոմանք ընտրակաշառք վերցնեն, միևնույն է, թող գնան և իրենց նախընտրած թեկնածուին ձայն տան։
Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում կուսակցության անվան շուրջ տարածված խոսակցություններին, թե հիմա էլ սուրճի բաժակներ են բաժանում որպես ընտրակաշառք, Բաղդասարյանն ասաց. «Ես համարում եմ դա պարզագույն սրիկայություն և սև քարոզչություն: Էդ մուրաբաները… 2003-ից տասներեք տարի է անցել, դա էժանագին զրպարտանք էր»: