Սպիտակ տունն ուրբաթ հրապարակել է տվյալներ ԱՄՆ վարչակազմի աշխատողների ֆինանսական կարողության մասին, համաձայն որոնց՝ նախագահի դստեր և փեսայի կարողությունը գերազանցում է 740 մլն դոլարը:
Համաձայն ներկայացված տեղեկատվության, որը մեջբերում է New York Times-ը, Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների եկամուտները կազմում են 740 մլն դոլար։ Սպիտակ տան տվյալներով՝ չնայած Քուշները վարչակազմում պաշտոն զբաղեցնելուց առաջ լքել է պաշտոնները 266 ձեռնարկություններում՝ կապված անշարժ գույքի շինարարության ոլորտում նրա ընտանեկան բիզնեսի հետ, նա նախկինի պես շահույթ է ստանում դրանց մեծամասնության գործունեությունից։
Նախագահի դուստրը, որ օրերս նախագահի օգնականի պաշտոն էր ստացել, հրաժարվել է իր ընկերություններից, սակայն նախկինի պես պահպանում է մասնաբաժինը Վաշինգտոնի կենտրոնի Trump International Hotel-ում։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Թրամփի վարչակազմի անդամների ընդհանուր կարողությունը գնահատվում է մոտ 12 մլրդ դոլար, որ դարձնում է նրանց ամենահարուստն Ամերիկայի պատմության մեջ։
Վարչակազմի ամենահարուստ անդամներից մեկը տնտեսական հարցերով խորհրդի ղեկավար Գերի Քոնն է՝ Goldman Sachs բանկի նախկին ղեկավարներից մեկը։ Սպիտակ տան տվյալներով՝ նրա կապիտալը գնահատվում է 252-611 մլն դոլար։ Միայն 2016 թվականին Քոնի եկամուտը կազմել է 77 մլն դոլար։
Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյի տարեկան եկամուտը 2016 թվականին չի գերազանցել 845 հազար դոլարը, նրա կարողությունը գնահատվում է 11-44,2 մլն դոլար։