Ընտրական տեղամասերում տեղադրված տեսախցիկներից Electtionsonline.am կայքում ուղիղ հեռարձակումը չի աշխատում, քանի որ կայքը աննախադեպ մեծ թվով այցելուներ է ունեցել, «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով խափանումները՝ ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Կայքը, որտեղ դրված է ուղիղ հեռարձակումը, այնպիսի մեծ մուտքեր է միանգամից ունեցել, որ կարծես թե այնտեղ ինչ-որ տեխնիկական խնդիր կա, որը, կարծում եմ, բնական է, որովհետև այսպիսի աննախադեպ նկարահանում, օնլայն հեռարձակում Հայաստանում երբևէ տեղի չի ունեցել»,- նշեց ԿԸՀ քարտուղարը:
Սմբատյանը հիշեցրեց, որ ընտրատեղամասերից օնլայն հեռարձակումը ԿԸՀ-ի հետ որևէ կապ չունի: «Մենք ընդամենը աջակցում ենք այդ ընկերությանը, որը իրականացնում է, քանի որ ընկերությունը իրականացնում է մրցույթի միջոցով շահած կոմերցիոն ծրագիր և նրանց համար ևս, կարծում եմ խնդիր է, որպեսզի իրենք այս մեծ միջոցառման տակից կարողանան դուրս գալ պատվով»,- հավելեց ԿԸՀ ներկայացուցիչը՝ ընդգծելով. «Քաղաքական ոչ մի բան փնտրել այստեղ ուղղակի հնարավոր չէ, զուտ տեխնիկական է, քանի որ բոլոր ռիսկերը ուղղակի հնարավոր չէր նախօրոք հաշվարկել»: