Կոտայքի մարզի Առինջ գյուղի 29/29 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողների հարցին, թե հանուն ինչպիսի՞ Հայաստանի նա քվեարկեց, Ծառուկյանը պատասխանեց.
«Բազմիցս ասել եմ հանրությանը, ժողովրդին, խնդիրները, պրոբլեմները, լուծումը ներկայացրել ենք, այսօր հիմնականում կախված է մեր ժողովրդից, թե մեր ժողովուրդն ապրիլի 3-ին ինչ Հայաստան է ուզում։ ՈՒմ կվստահեն, կհավատան, նրանք էլ թող պատասխանեն»։
Օրեր առաջ Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե իշխանություն ձևավորի, իր ընկերները 15 միլիարդի ներդրում կանեն Հայաստանում։ Լրագրողների հարցին, որ եթե այդ 50+1-ը չհավաքի, բայց անցնի խորհրդարան, իր ընկերները հանուն Հայաստանի բարօրության այդ ներդրումը կանե՞ն, Ծառուկյանը պատասխանեց. «Եթե լրագրողն է ինձ այդպիսի հարց տալիս... ես ասացի, որ իմ ընկերները պատրաստ են աջակցելու, երևի դուք տեսաք էլ, որ մարդիկ հայտարարություն արեցին, դա դեռ մի ընկեր, ես բազմաթիվ ընկերներ ունեմ տարբեր երկրներում, ովքեր հավատում են Ծառուկյանին, Ծառուկյանի ապրածը, ընկերությունը, հարգանքը, խոսքը, որ Ծառուկյանը երբեք խաբող մարդ չի, նա արժանապատիվ մարդ է, իմ ազգի պատիվը աշխարհով մեկ բարձր եմ պահում, հիմա եթե իրավունքները իմ ձեռքը չլինի, երաշխավոր չլինի, ոնց եք դուք մտածում, չեն դնի, իհարկե»։ Նա ընդգծեց՝ մարդը պատասխանատվություն վերցնում է այն ժամանակ, երբ կարողանում է դրա պատասխանը տալ։ «Այսօր որոշողը մեր ժողովուրդն է, իրենք ոնց կորոշեն, իրենց ապագան կերտելու համար, այնպես էլ կլինի»,- ասաց Ծառուկյանը։