Հակոբ Բեգլարյանի շտաբը հաղորդագրություն է տարածել այսօր շտաբում լրագրողների հետ տեղի ունեցած բախումների վերաբերյալ:
«Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանն ի պատասխան, թե Կոնդում գտնվող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբում մի խումբ անձինք, այդ թվում` երիտասարդներ, հարձակվել են լրագրողների վրա, տեղեկացնում են՝ շտաբի ներսում որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Իսկ նշված քաշքշուկը եղել է շտաբից դուրս` լրագրողների և քաղաքացիների միջև, ինչը հստակ երևում է նույն լրատվամիջոցի տարածած տեսանյութում:
Ինչ վերաբերում է հրապարակման ակնարկներին, թե շտաբում ընտրակաշառք է բաժանվում, հայտնում ենք, որ որևէ ընտրակաշառք բաժանելու մասին խոսք լինել չի կարող, դա հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Երևանի Կոնդ թաղամասում մի խումբ անձինք այսօր հարձակում էին գործել լրագրողներ Սիսակ Գաբրիելյանի և Շողիկ Գալստյանի նկատմամբ, խոչընդոտել նրանց աշխատանքը: Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: