Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Միջազգային մամուլը՝ հայաստանյան ընտրությունների մասին

Միջազգային մամուլը՝ հայաստանյան ընտրությունների մասին
03.04.2017 | 00:28

«Կիրակնօրյա քվեարկությունը Հայաստանում առաջինն է խորհրդարանի և վարչապետի լիազորությունները ընդլայնող սահմանադրական փոփոխություններից հետո»՝ այսօր գրում է Washington Post-ը` արձանագրելով, որ 2017-ի հայաստանյան ընտրարշավի առաջատարներն են ՀՀԿ-ն ու «Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը»:


«Քննադատները պնդում են, որ սահմանադրական փոփոխությունները նախագահ Սարգսյանի կողմից գործադրող այն ջանքերի մի մասն են, որոնց նպատակն է պահպանել վերահսկողությունը երկրի հանդեպ նաև 2018-ից հետո, երբ ավարտվում են նրա նախագահական լիազորությունները», - գրում է ամերիկյան պարբերականը:
Ամփոփելով հայաստանյան քարոզարշավը` Коммерсант-ը գրում է. «Կհաջողվի՞ արդյոք ՀՀԿ-ին մնալ իշխանության ղեկին: Դրանից է կախված նաև Սերժ Սարգսյանի ճակատագիրը: Նրա երկրորդ նախագահական ժամկետն ավարտվում է 2018-ի ապրիլի 9-ին, և ևս մեկ անգամ այդ պաշտոնին հավակնել նա չի կարող և չի էլ ձգտում: Նոր խմբագրված Սահմանադրության համաձայն նախագահի լիազորությունները կրճատվել են` հասնելով գրեթե արարողակարգայինի: Բացառված չէ, սակայն, որ Սարգսյանին հետաքրքրի վարչապետի աթոռը կամ էլ խորհրդարանում Հանրապետական խմբակցության ղեկավարի պաշտոնը»:
ԱՄՆ «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը, անդրադառնալով այսօրվա քվեարկությանը, նկատում է. «Հայաստանի հիմնական տնտեսական ու ռազմական գործընկերոջ` Ռուսաստանի համար, այս ընտրությունները հնարավորություն են ստեղծել սեփական օրակարգն առաջ մղել արդեն ոչ միայն իշխող կուսակցության, այլև ընդդիմության միջոցով»:

«Իրականում էական չէ, թե կուսակցություններից որ մեկն է հաղթելու: Թե Կարեն Կարապետյանը, թե Գագիկ Ծառուկյանը և թե Սեյրան Օհանյանը սերտ հարաբերություններ ունեն Մոսկվայի հետ գործարար կապերի կամ էլ բարձրաստիճան ռուսաստանցի քաղաքական գործիչների հետ անձնական շփումների միջոցով: Վարչապետն, օրինակ, կապեր ունի Մոսկվայի մի շարք ազդեցիկ ներկայացուցիչների հետ», - գրում է «Ստրատֆորը»` մատնանշելով հատկապես Կարեն Կարապետյանի սերտ հարաբերությունները «Գազպրոմի» հետ:


Խոշորագույն արաբական լրատվամիջոցներից մեկը` Քաթարում գործող «Ալ Ջազիրան», ևս անդրադառնում է այսօրվա քվեարկությանը` նշելով. «Այս ընտրությունները ժողովրդավարության կարևորագույն քննությունն են դեպի ծով ելք չունեցող և ընդամենը 2 միլիոն 900 հազար բնակչություն ունեցող այս պետության համար, որի պատմության ընթացքում դեռ երբեք իշխանությունն ընդդիմությանը չի անցել քվեարկության արդյունքում»:
Քարոզարշավի ավարտին և կիրակնօրյա ընտրություններին է անդրադարձել նաև Huffington Post-ը` հրապարակելով երևանցի քաղաքագետ Միքայել Զոլյանի հոդվածը: «Կկարողանա՞ արդյոք Սերժ Սարգսյանը երկարաձգել իր քաղաքական իշխանությունը. նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը հաղթել է նախորդ երկու խորհրդարանական ընտրություններում` 2007-ին և 2012-ին, և այս տարի էլ հաղթանակի լուրջ շանսեր ունի», -պնդում է վերլուծաբանը: - «Դրա հետ մեկտեղ կուսակցությունը որոշակի խնդիրներ ևս ունի: Տնտեսության վատ վիճակի, կոռուպցիոն մեղադրանքների և անվտանգության ոլորտում վատթարացող կացության պատճառով Հայաստանի բնակիչներից շատերը դժգոհ են Սարգսյանի և հանրապետականների երկարատև իշխանությունից: Այս դժգոհությունը [վերջին տարիներին] տարբեր կերպ էր արտահայտվում` խաղաղ բողոքի գործողություններից մինչև զինված ընդվզում», - կարդում ենք Huffington Post-ում:


Բրիտանական BBC-ի ռուսական ծառայությունն էլ մեջբերում է երևանցի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքերը: «Այս ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը հետևյալն է` դժվար է ասել, թե ով է ընդդիմություն: Եթե իշխանությունը ներկայացված է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի տեսքով, ապա ընդգծված ընդդիմությունը գոյություն չունի: Եթե դիտարկենք դաշինքները, այնտեղ տարբեր կերպարներ են ընդգրկված` և ընդդիմադիր, և չեզոք, և մարդիկ, որոնց մենք որպես իշխանամետների գիտենք: Այդ իսկ պատճառով էլ այս ընտրություններում իշխանության և ընդդիմության հստակ տարանջատում չկա», - BBC-ի հետ զրույցում նշում է քաղաքագետը:


«Մեզ նոր կառավարություն է հարկավոր, քանի որ կոռուպցիան և անարդարությունը համատարած են, մարդիկ էլ անպաշտպան», - 41-ամյա երևանցի Սուրենի խոսքերն է մեջբերում հայաստանյան ընտրություններին անդրադարձող ևս մեկ արևմտյան լրատվամիջոց` Reuters գործակալությունը:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ