ՀՀԿ-ն ունի նոր կառավարություն ձևավորելու բոլոր շանսերը՝ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով, նման եզրակացությունների կարելի է հանգել թե Երևանի, թե մարզերի մի շարք ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքների հիման վրա։
Խոսելով մյուս կուսակցությունների ու դաշինքների հետ կոալիցիա ձևավորելու հնարավորության մասին՝ Շարմազանովը նշել է, որ նախ պետք է սպասել ընտրությունների արդյունքներին ու տեսնել, թե հատկապես ով է մտնելու խորհրդարան։ Եթե իրենց վաղեմի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն հաղթահարի 5 տոկոսի շեմը՝ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կքննարկի հետագա համագործակցությունը, ասել է նա։ Սակայն կոալիցիայի ստեղծումը երբեք ՀՀԿ-ի համար ինքնանպատակ չի եղել, նկատել է էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով Հայաստանում նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա հաջողվել է կազմակերպել թափանցիկ ընտրություններ ու անկախ նրանից, թե քանի կուսակցություն կանցնի խորհրդարան, կասկածել, որ Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով, չարժե։ «Ժողովրդավարական զարգացումն անշրջելի է»,- ասել է նա։