ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ապրիլի 2-ին հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիա» թերթին՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, խորհրդարանական ընտրություններին: Լրագրողը ՀՀ վարչապետի հետ զրույցում փաստել է, որ տեղի բնակիչները ընտրությունների ժամանակ հետաքրքիր կարծիք են հայտնել. օրինակ՝ ուսանողներն ասել են, որ քվեարկելու են «Ելք» ընդդիմադիր դաշինքի օգտին՝ ի նշան բողոքի, մի մասն էլ ասել է, որ եթե Կարեն Կարապետյանը շարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը 2018թ ., կքվեարկեն իշխող ՀՀԿ-ի օգտին: Լրագրողը ՀՀ վարչապետին խնդրել է իր խոսքը փոխանցել այդ ընտրազանգվածին:
«Երբ մարդիկ անկեղծ հավատում ենք քեզ, հսկայական պատասխանատվություն ունես այդ մարդկանց համար: Ես հասկանում եմ դա և շատ պատասխանատու եմ վերաբերում դրան: Հանրապետական կուսակցության հաղթանակից հետո մեր կառավարությունը կշարունակի բարեփոխումները, որոնք սկսել ենք, և իմ կարծիքով՝ հաջողությամբ առաջ ենք մղում այս վեց ամիսներին:
Մեր կառավարությունը բաց է և քննադատության, և համագործակցության համար: Մենք ձգտում ենք վերականգնել վստահությունն իշխանության հանդեպ, գտնել տնտեսական և սոցիալական լուծումներ, որոնք կերաշխավորեն պետության կայուն զարգացում այսօրվանից սկսած տասնամյա հեռանկարով, որը կամրացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: Մենք հետաքրքրված ենք մեր երկրի կայացման հարցում: Շատ բան պետք է փոխել, սակայն քայլ առ քայլ մենք կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին, իսկ նպատակներն ու ռազմավարությունը նշված են, որը շատ կարևոր է»: