Հայաստանի ռուսամետ նախագահը կշարունակի մնալ իշխանության ղեկին, քանի որ նրա կուսակցությունն ամենաշատ ձայներն է հավաքել ընտրություններում՝ գրում է Financial Times-ը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ ընտրություններին:
«97 տոկոս ընտրատեղամասերի ձայների հաշվարկից հետո Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն հավաքել է ձայների 49,9 տոկոսը կիրակի կայացած ընտրություններին: Ընդդիմադիր բլոկներից մեկը («Ծառուկյան» դաշինքը-խմբ.) հավաքել է 27,9 տոկոս»,- ասվում է հոդվածում: 2015-ի հանրաքվեի արդյունքներով Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման ձևի, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը 2018-ին դառնա Հայաստանի վարչապետ: Սարգսյանի քաղաքական հակառակորդներն ասում են, որ բարեփոխումները ձեռնարկվել են, որ 62-ամյա նախագահը կարողանա պահել իշխանությունը երկրորդ տասնամյակում, ինչը հնարավոր է կամ դերի փոփոխության՝ վարչապետ դառնալու, կամ հետին պլանում իշխանության միջոցով՝ որպես կուսակցության ղեկավար:
Վերջին տարիներին Հայաստանը միջոցներ է ձեռնարկում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու համար, միևնույն ժամանակ երկիրը հիմնվում է Մոսկվայի ֆինանսական օգնության, ներդրումների, Ռուսաստանի հետ առևտրի վրա: Հայաստանը, որ ելք չունի դեպի ծով, տուժել է Ռուսաստանի տնտեսության անկման պատճառով. անցած տարի Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 0,2 տոկոսով:
Դաշնակցություն կուսակցությունը, որը կոալիցիայի մեջ է գործող իշխանությունների հետ, կրկին հնարավորություն է ստացել մտնել խորհրդարան: Եթե երկու կուսակցությունները համաձայնեն շարունակել համագործակցությունը, որ ըստ ամենայնի հնարավոր է, Սարգսյանը վարչապետ դառնալու իրավունք կունենա:
Հոդվածագիրը, վկայակոչելով Transparency International իրավապաշտպան կազմակերպությանը, գրում է, որ ընտրություններում տեղ է գտել ավելի քան 2000 խախտում: Եվրամիությունը ֆինանսական և տեխնիկական աջակցություն էր առաջարկել կիրակի օրը կայանալիք ընտրությունների համար, Երևանում միության ներկայացուցիչներն անցած շաբաթ նախազգուշացրել էին ընտրողներին ահաբեկելու, կաշառելու, որոշ կուսակցություններին աջակցելու նպատակով վարչական ուժերը կիրառելու մասին:
Financial Times-ը հիշեցնում է 2016-ին Հայաստանում տեղի ունեցած ցույցերի մասին և, վկայակոչելով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցը, գրում է, որ խաղաղ ցուցարարների դեմ կիրառվել է անհամաչափ ուժ, բացի այդ՝ հարձակումներ են տեղի ունեցել անգամ լրագրողների վրա, իսկ ցույցերի առաջնորդների և մասնակիցների դեմ անհիմն քրեական մեղադրանքներ են առաջադրվել: