Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լևոն Տեր-Պետրոսյան. «Նախնական արձագանք»

Լևոն Տեր-Պետրոսյան. «Նախնական արձագանք»
03.04.2017 | 23:11

«iLur.am» կայքը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ խորհրդարանական արդյունքների վերաբերյալ.

«Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ։ Մեզ մնում է սպասել, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ելքը» ինչպես են վագրի թռիչքներով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, միլիարդավոր դոլարի ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու Հայոց բանակը, կանխելու հարաճուն արտագաղթը և կարգավորելու մեր ժողովրդի առջև կանգնած գլխավոր խնդիրը՝ Ղարաբաղյան հակամարտությունը։
Անկախ ընտրությունների արդյունքից, սակայն, անհրաժեշտ եմ համարում կատարել հետևյալ երկու անառարկելի արձանագրումները.


Առաջին՝ ՀԱԿ-ին հաջողվեց Ղարաբաղյան հարցի կարգավորման խնդիրը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգի հրատապ հարց, ինչը մեր հակառակորդներն անգամ չեն ժխտում.
Եվ երկրորդ՝ կարճ ժամանակում ստեղծվեց «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանի շուրջ ձևավորված, թեկուզ առայժմ ոչ զանգվածային, հասարակական շարժում, որի հետագա ծավալմանը ես ամենևին չեմ կասկածում։
Դա հավատավորների շարժում է, որը Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող վերահաս աղետը կանխելուց բացի, այլ նպատակ չի հետապնդում։ Եթե խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն ի զորու են այդ աղետը կանխել Ղարաբաղի գոյության պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու ճանապարհով, մենք միայն երախտապարտ կլինենք նրանց։
Դիմելով, արդ, ՀԱԿ-ի անդամներին ու համակիրներին, հարկ եմ համարում նշել, որ մեր օրակարգն ընտրությունների արդյունքներից ամենևին չի փոխվել։ Մենք հսկայական անելիք ունենք խաղաղության գաղափարը հասարակության լայն շրջանակների հավատամքը դարձնելու ուղղությամբ։ Հայաստանի և Ղարաբաղի գոյության, ապահովության ու բարգավաճման այլ երաշխիք գոյություն չունի, քան հարևանների հետ խաղաղության, հաշտության ու բարիդրացիության հաստատումը։


Խաղաղություն հիմա, և ոչ թե աղետից ու նոր, անիմաստ զոհերից հետո։ Սահմաններին զոհվող յուրաքանչյուր զինվորի արյունը այսուհետև նստելու է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի խղճին»,- ասված է Տեր-Պետրոսյանի «Նախնական արձագանք»-ում:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ