Ընտրությունները կազմակերպված էին դրական, բայց չենք ասում, որ իդեալական էին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը: «Թերություններ եղել են, իհարկե եղել են, մենք պետք է շտկենք այդ թերությունները, իհարկե պետք է շտկենք, ՀՀԿ-ն պատրաստ է գնալու անշեղորեն ժողովրդավարության զարգացման ճանապարհով»,- ասաց նա:
Նրա խոսքով` ՀՀԿ-ն կարողացավ ճիշտ քարոզչության արդյունքում բաց, հրապարակային, ինքնաքննադատական գործունեության ընթացքում անկեղծ լինել ու համախմբված: «Մենք ունենք ամենամրցունակ թիմը, մենք ունենք գաղափարախոսություն, մենք չվախեցանք ընտրությունների ընթացքում խոսել մեր բացթողումներից, մենք անելու ենք ամեն հնարավորը, որ կարողանանք հանրային կյանքի բոլոր ոլորտներում հասնել հաջողության»,- ասաց ՀՀԿ խոսնակը: էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության հաղթանակը հանրության հաղթանակն է: «Մեր թիվ մեկ խնդիրը եղել է այն, որ ընտրությունների արդյունքների նկատմամբ ՀՀ քաղաքացու վստահությունը լինի հսկայական»,- ասաց նա: էդուարդ Շարմազանովի խոսքով` ՀՀԿ-ն ամենամեծ շանսերը ունի՝ ձևավորելու ապագա կառավարություն: «Մենք տեսանք, որ ընտրողը մեզ այդ շանսը տվեց ու մենք իրավունք չունենք հուսախաբ անելու ՀՀ քաղաքացիներին»,- նշեց նա: