«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն ասել է, որ որպես խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր ուժ, իրենց 30 մանդատի հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու են, որ պետությունը զարգանա։ «30 մանդատի հնարավորությունների շրջանակներում ամեն ինչ անելու ենք, որպեսզի և արտագաղթը կասեցնենք, և աշխատատեղեր ստեղծվեն։ Հո չի նշանակում, որ մենք ընդդիմություն ենք, ուրեմն զերծ ենք մնալու մեր երկիրը զարգացնելու ու շենացնելու գործընթացից»,- ասաց Միքայել Մելքումյանը։
Գագիկ Ծառուկյանի խոստացած 15 միլիարդ դոլարի ներդրումների մասին Միքայել Մելքումյանը նշել է. «Նա ասել է, որ այդ ներդրումները լինելու են այն ժամանակ, երբ մենք ինքնուրույն կառավարություն ձևավորենք և պայման փոխելու հնարավորություն ունենանք։ Այսօրվա պայմաններում մենք տեսնում ենք, որ բան չի փոխվել։ Ներդրում անողը նայում է, տեսնում է, թե պայման կա՞, որ ինքը ներդրում անի, թե՞ չկա։ Հիմա եթե իրենք պայմանը մեր ասածով կփոխեն, կյանքը ցույց կտա, թե ոնց կլինի։ Ներդրողը ինքն է որոշում, թե այդ պայմանում ներդրում կանի, թե ոչ»: