Դամասկոսը կարծում է, որ Իսրայելն աջակցում է Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին, և մտադիր է պատասխանել Իսրայելի կողմից ցանկացած ագրեսիայի՝ հայտնել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադը:
«Ներկայումս Իսրայելը փորձում է աջակցել ահաբեկչական խմբավորումներին, որոնք գտնվում են մեր տարածքում: Հենց Իսրայելը զգում է, որ ահաբեկչական խմբավորումները թուլանում են, անմիջապես միջամտում է նրանց աջակցելու համար: Հետևաբար՝ մենք կպատասխանենք Իսրայելի ցանկացած ագրեսիայի, ինչպես պատասխանեցինք վերջին անգամ՝ ոչնչացնելով օդանավերից մեկը և հարված հասցնելով երկրորդին: Մենք նույնը կանենք, եթե համանման փորձերը կրկնվեն»,- հայտարարել է դեսպանը: Մարտի վերջին Իսրայելի ավիացիան ցամաքից գնդակոծվել էր, երբ Սիրիայի տարածքում հարձակում էր գործել թիրախների վրա: Այդ ժամանակ Սիրիայի բանակը հայտարարել էր, որ զենիթայիններին հաջողվել է խոցել հարձակմանը մասնակցած օդանավերից մեկը:
Իսրայելցիները, իրենց հերթին, ժխտել էին կորուստը և ասել, որ սիրիական հրթիռներից մեկը որսվել է ՀՀՊ համակարգի կողմից: Նրանք հարվածի թիրախ էին հայտարարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմում մարտնչող լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մարտիկների համար զենք տեղափոխող ավտոշարասյունը: