ՕՐՕ դաշինքը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության և իր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում և անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու՝ կա՞ մատնահետքերի համընկնում, թե՞ ոչ:
«2017 թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընտրողների մասնակցության թիվը՝ 1 574 947, լուրջ կասկած է առաջացրել հանրության շրջանում: Ստացվել են բազմաթիվ ահազանգեր, որ տեղի են ունեցել հին, հնամաշ, վերակազմված և ժամկետով երկարացված անձնագրերով կրկնաքվեարկություններ: Մեր ունեցած տեղեկություններով, կրկնաքվեարկությունը տեղի է ունեցել նույն անձի տարբեր անձնագրերով տարբեր տեղամասերում քվեարկելու ճանապարհով, քանի որ ԿԸՀ-ն չի ապահովել Հայաստանի ամբողջ տարածքում մատնահետքերի միասնական ստուգման հնարավորությունը մեկ ցանցով, թեև փաստացի շուրջ 1500 տեղամասերում ունեցել է ցանց, որի կիրառմամբ կատարվել է առցանց տեսահեռարձակում: Այսպիսով, ԿԸՀ-ն թույլ է տվել նման կրկնաքվեարկության հնարավորություն՝ չձևավորելով մատնահետքերը նույնականացնող սարքերից ստացվող տեղեկատվության միասնական բազա ամբողջ հանրապետության տարածքում: Հաշվի առվելով վերը շարադրվածը՝ պահանջում ենք ԿԸՀ-ից ԵԱՀԿ դիտորդական առաքելության և մեր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում և անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ: Նման համընկնումների ծավալները ճշտելուց հետո հնարավոր կլինի կամ հաստատել կամ հերքել կեղծ անձնագրերով զանգվածայնորեն կրկնաքվեարկության իրականացման կասկածները»,- նշված է դաշինքի հաղորդագրության մեջ: