Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո աճել է ոչ միայն Հայաստանի տնտեսությունը, այլև հայ-ռուսական առևտուրը՝ չնայած Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Հայաստանի տնտեսությունը ոչ միայն չի վերականգնել մինչև անդամակցություն եղած ծավալները, չի հասել նույնիսկ 2008-ի մակարդակին:
Известия-ին տված հարցազրույցում Կարապետյանը նշում է. «ԵԱՏՄ-ում առկա ներուժը շատ ավելի մեծ է, քան մենք կարծում ենք: Միությանն անդամակցությունը Հայաստանի համար ստեղծում է հնարավորություններ: Մեր պատրաստի արտադրանքի մեծ մասը մենք արտահանում ենք ԵԱՏՄ շուկաներ, և այդ կապակցությամբ հարկ է նշել, որ ըստ վիճակագրական տվյալների նախորդ տարվա ցուցանիշների համեմատ միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ՀՆԱ աճ է գրանցվել»: Վարչապետը հավելում է՝ 2016-ի արդյունքներով Հայաստանի ու Ռուսաստանի առևտրաշրջանառությունը աճել է 6 տոկոսով:
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015-ի հունվարի 2-ից: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016-ին Հայաստանի տնտեսությունը կազմել է 10 միլիարդ 547 միլիոն դոլար, 2015-ին փոքր-ինչ պակաս էր՝ 10 միլիարդ 529 միլիոն: 2014-ին, երբ Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնած միության անդամ չէր, տնտեսության ծավալը կազմել է 11 միլիարդ 609 միլիոն դոլար:
Պատկերն էլ ավելի տպավորիչ է դառնում, եթե համեմատում ենք 2008-ի տվյալների հետ: 2009-ին տնտեսական խոր ճգնաժամին նախորդած տարում Հայաստանի տնտեսության ծավալը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 11 միլիարդ 662 միլիոն դոլար: Նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ինը տարիներին երկիրը այդպես էլ չկարողացավ հասնել տնտեսության 2008-ի մակարդակին:
Նույն վիճակն է հայ-ռուսական առևտրում: Վարչապետը խոսում է աճից, բայց եթե 2016-ին երկու երկրների միջև առևտուրը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 1 միլիարդ 366 միլիոն դոլար, 2014-ին ավելի շատ էր՝ 1 միլիարդ 431 միլիոն:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, երկրորդ տարին է` կառույցը փակում է տնտեսական անկմամբ. 2015-ին տնտեսական անկումը 3 տոկոս էր, անցած տարի՝ 0,7 տոկոս:
Անցած տարի կտրուկ նվազել է Ռուսաստանի ներդրումների ծավալը, գրանցվել է Հայաստանից Ռուսաստան կապիտալի արտահոսքի աճ: