«Ելք» դաշինքում չեն քննարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու հարցը։ «Մենք նման հարց չենք քննարկել»՝ ասել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվե՞լ է ԱԺ փոխխոսնակ առաջադրելու հարցը, մասնավորապես, «Ծառուկյան» դաշինքի հետ, Ալեն Սիմոնյանը նշեց, որ այդ թեմայով ոչ մի քննարկում դեռ չի եղել։ ՀՀԿ-ի հետ «Ելք» դաշինքը կոալիցիա չի կազմի՝ ասել է Ալեն Սիմոնյանը: «Մենք ասել ենք, որ ՀՀԿ-ի հետ մենք որևիցե դեպքում կոալիցիա չենք կազմի, մնացած գործընկերներից մենք առաջարկ չենք ստացել և նման հարց չենք էլ քննարկել, մեր օրակարգում այսօր նման հարց չկա ու իմ կարծիքով, դժվար էլ լինի»,- ասաց նա: Ալեն Սիմոնյանը նշեց, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն անցել են պետական ռեսուրսի օգտագործմամբ և ընտրակաշառք բաժանելով: «Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են տոտալ պետական ռեսուրսի օգտագործմամբ և գումար բաժանելով, և ես զարմանում եմ և շատ վրդովված եմ, որ փաստացի հանրությունը տեղյակ է և գիտի ընտրակաշառքի գոյության մասին, բայց իրավապահ մարմիններն արդեն որերորդ տարին է` որևիցե դեպք չեն կարողանում ֆիքսել: Երբ մենք այդ հարցը բարձրացնում ենք, ասում են` բերեք ապացույց: Ներեցեք, բայց գող բռնելու և ընտրակաշառք բաժանողին բռնելու իրավասությունը դրված է իրավապահ մարմինների վրա, այլ ոչ թե քաղաքացու, որը պետք է վազի, նկարի, ձայնագրի: Այդ ֆոնի վրա ընտրությունների պատկերն այն է, ինչ այսօր ունենք»,- ասաց նա: Ալեն Սիմոնյանը նշեց, որ եթե իշխող կուսակցության ձեռքում չլինեին այդ գործիքները` վարչական ռեսուրս և ընտրակաշառք բաժանել, ընտրությունների արդյունքների այլ պատկեր կունենայինք:
«Վստահ եմ, որ եթե իշխող կուսակցության ձեռքից այդ գործիքները վերցնենք, իշխող կուսակցությունը նույնիսկ կարող է չհատեր 5- տոկոսանոց շեմը: Մասսայական ընտրակաշառքի բաժանում է, դեպքերը տասնյակ հարյուրավոր, հազարներով են: Թեկնածուները, որոնք ընտրական քարոզարշավի ընթացքում երբևիցե չեն խոսել, մարդիկ, որոնց երբևիցե որևիցե տեղ մեկը չի տեսել` հավաքել են հազարավոր ձայներ»,- ասաց նա` նշելով, որ ընտրությունների արդյունքները «Ելք» դաշինքի կողմից չեն վիճարկվի, քանի որ համապատասխան փաստեր չկան, իսկ «Ելք» դաշինքն իրեն տրված յուրաքանչյուր ձայն պահել է և իրենցից որևիցե ձայն չի կորզվել: