Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լրագրողների գործունեությանը խոչընդոտելու փաստերով հարուցված քրեական գործերն ընդունվել են Հատուկ քննչական ծառայության վարույթ

Լրագրողների գործունեությանը խոչընդոտելու փաստերով հարուցված քրեական գործերն ընդունվել են Հատուկ քննչական ծառայության վարույթ
05.04.2017 | 22:28

2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված երկու քրեական գործերն ընդունվել են Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ: Քրեական գործերից մեկը հարուցվել է «Araratnews.am» լրատվական կայքի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով:

Այսպես, 02.04.17թ.-ին` Երևանում, ընտրությունները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցի` «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանը փորձել է նկարահանումներ կատարել Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում, սակայն դրա մոտակայքում հավաքված մի խումբ բնակիչներ խոչընդոտել են նկարահանող խմբի աշխատանքն ու թույլ չեն տվել նկարահանումներ իրականացնել, վիրավորել և բռնության գործադրմամբ ստիպել են հեռանալ շտաբի մուտքի մոտից` լրագրողի ձեռքից խլելով նկարահանող սարքը: Վարույթ ընդունված մյուս քրեական գործի նյութերի համաձայն` քվեարկության օրը խոչընդոտել են նաև ԱԺ ընտրությունները լուսաբանող մեկ այլ լրատվամիջոցի` «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը:

Վերջինս փորձել է նկարահանումներ կատարել նույն Ռուսթավելի 15 հասցեում գտնվող նախընտրական շտաբում, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են նրա աշխատանքը. հարձակվել են լրագրողի վրա, որի հետևանքով վերջինս թեթև վնասվածք է ստացել: Այսպիսով, «Araratnews.am» լրատվական կայքի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ