«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որ ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ համարն էր, այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է ապրիլի 2-ի ընտրություններին: Նա ասել է, որ այս պահին ունենք երեք անձի կողմից ձևավորված խորհրդարան. այդ անձինք են՝ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մինասյանը: «Ցավոք սրտի, իրականությունը սա է, և ակնհայտորեն մենք երկար ժամանակ ունենալու ենք հասարակության շահերի պաշտպանության խնդիր, և մեզ հետ համագործակցող ուժերը այդ հասարակական շահի պաշտպանության առաջամարտիկներ են լինելու»,- նշել է նա: Նա ասել է, որ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, սև քարոզչություն է իրականացրել և խորհրդարան մուտք գործած «Ելք» դաշինքի թիկունքում է եղել:
ԼՀԿ խորհրդի, «Ելք» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը, ասաց. «Այն ձայները և այն վստահությունը, որ ստացան ՕՐՕ դաշինքը և անձամբ Արմեն Մարտիրոսյանը, մեզ մնում է միայն ասել, որ մենք մաղթում ենք նրան առողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ իր քաղաքական կյանքի ուշացած ավարտից հետո: Սա ոչ թե պատասխան է իրեն, այլ ըստ էության մաղթանք իր գործունեության հետագա ընթացքի համար»,- ասաց Դավիթ Խաժակյանը: Նա հիշեցրեց, որ Արմեն Մարտիրոսյանն անձամբ է բանակցել «Ելք» դաշինքի հետ համատեղ գործունեություն իրականացնելու համար, սակայն այս պահին, երբ որոշակի հոգեբանական խնդիրներ ունեն, դա հաղթահարելու համար Արմեն Մարտիրոսյանը նման հայտարարություն է անում: