Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին «Ելք» դաշինքի ցուցակով կառաջադրվի «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ նախորդ օրը հարցազրույցի ժամանակ ասել էր, որ եթե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշի չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, ինքը դեմ չէր լինի քննարկել «Ելք»-ի հետ իր մասնակցությունը:
«Այսօր զանգեց Էդմոն Մարուքյանը և ասաց, որ իրենք քննարկել են իմ առաջարկը և հրավիրում են ինձ առաջին տասնյակ, և ես, իհարկե, հրավերն ընդունել եմ «Ելք»-ի հետ մասնակցել ավագանու ընտրություններին»,- ասաց Անահիտ Բախշյանը: Նրա խոսքով՝ այս չորս տարիներին հսկայական փորձ ունի կուտակած, և գործեր կան, որոնք պետք է շարունակել. «ՈՒրախ կլինեմ, եթե «Ելք»-ի ավագանու երիտասարդների հետ մեր թիմը ավագանիում լուրջ կշիռ ունենա և կարողանա վերահսկողություն իրականացնել քաղաքապետի գործունեության նկատմամբ: Այնպես որ, անելիքներ կան»,- հավելեց նա:
Ըստ նրա՝ «Ելք» դաշինքը ավելի մեծ թիմով ներկայացված կլինի Երևանի ավագանիում՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին դաշինքը 14 տոկոս երևանցիների քվեն է ստացել: Նրա կարծիքով՝ դաշինքի պոտենցիալը Երևանի ավագանու ընտրություններին ավելի մեծ է, քան 14 տոկոսը: