Ֆրանսիան վերահաստատում է իր համոզմունքը, որ ստատուս քվոն պաշտպանունակ չէ և ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով՝ ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։
«Մեկ տարի առաջ, դադարեցին ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղում ծավալված և տարածաշրջանի բնակչությանը վշտով համակած պատերազմական գործողությունները: Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ մոբիլիզացրեց իր ուժերը մարտերը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարությունում, որը տարածել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:
Ֆրանսիան վերահաստատում է իր համոզմունքը, որ առկա ստատուս քվոն պաշտպանունակ չէ և հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և կոչ է անում կողմերին՝ հարգել կրակի դադարեցման, վստահության մեխանիզմների և բանակցությունները վերսկսելու մասին 2016-ի մայիսի 16-ի Վիեննայի և հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ստանձնած հանձնառությունները: «Վերջերս, իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ ունեցած հանդիպումներում Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց հակամարտության բանակցված և տևական, ողջ տարածաշրջանի կայունության և բարեկեցության համար նպաստավոր լուծում գտնելուն ուղղված Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը»,- ասված է հայտարարությունում: