Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ բանաձևի իր նախագիծը, հայտնել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին:
«Մենք առաջարկել ենք մեր, գործնական ոգով կազմված հակիրճ նախագիծը, որը նպատակամղված է իրապես հետաքննություն անցկացնելուն, այլ ոչ թե մեղավորներին նշելուն նախքան փաստերի ճշտումը»,- ասել է Ստրժիժովսկին: Նա ավելացրել է, որ Անվտանգության խորհրդի անդամները կոնսուլտացիաներ են սկսել բանաձևի «փոխզիջումային նախագիծ» մշակելու համար: Ապրիլի 5-ին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ԱԽ-ի քննարկմանն են ներկայացրել բանաձևի նախագիծ, որը դատապարտում Է քիմիական զենքի կիրառումը Իդլիբում: Փաստաթուղթը նաև մի շարք պահանջներ է բովանդակում սիրիական իշխանությունների նկատմամբ: Ռուսական կողմը քննադատել է բանաձևի այդ նախագիծը:
ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնովը հայտարարել է, որ փաստաթուղթը «պատրաստվել է հապճեպ և աչքի է ընկնում խիստ անփութությամբ»: ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է վետո դնել դրա վրա: