Ապրիլի 6-ին Գերմանիայում տեղի է ունեցել Բեռլինյան 5-րդ Արևելյան ֆորումը, որը նվիրված էր Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև գործընկերության հնարավորություններին ու մարտահրավերներին։ Համաժողովին հրավիրված էին մասնակցելու ԵՄ և ԵԱՏՄ երկրների պետական ու մասնավոր հատվածների 400-ից ավելի ներկայացուցիչներ և փորձագետներ:
Բեռլինյան 5-րդ Արևելյան Ֆորումին մասնակցել և ելույթով հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ֆորումի շրջանակում տեղի են ունեցել թեմատիկ նիստեր և կլոր սեղաններ, որոնց ընթացքում քննարկվել են Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ առևտրային խոչընդոտների հաղթահարմանն ու ազատ առևտրին ուղղված քայլերը, համընդհանուր աճի ապահովմանն ուղղված համագործակցության հեռանկարները, թվայնացման, այդ թվում` թվային հմտությունների և ձեռնարկատիրական կարողությունների զարգացման, կիբեռանվտանգության և տվյալների պաշտպանության, տնտեսության տարբեր ճյուղերի թվային փոխակերպման, նորարարության և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Ֆորումի շրջանակում տեղի է ունեցել նաև պաշտոնական ընթրիք-քննարկում, որի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը հանդես է եկել ելույթով: Նա ընդգծել է, որ Եվրամիությունը Հայաստանի կարևոր տնտեսական և առևտրային գործընկերներից է. «Եվրամիության հետ կա արդյունավետ համագործակցություն, այդ թվում` ԵՄ աջակցության տարբեր գործիքների՝ «Հորիզոն 2020», «COSME» և այլ ծրագրերի կիրառմամբ, և նշված համագործակցությունը կրում է շարունակական բնույթ: Վերջինիս մասին է վկայում նաև 2017 թ. ՀՀ-ԵՄ միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի նախաստորագրումը, որը չի հակասում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին և նախատեսում է համագործակցություն տնտեսության տարբեր ոլորտներում»,- նշել է նախարարի տեղակալը: Նա նաև հավելել է, որ Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի, Իրանի և Մերձավոր Արևելքի միջև: Էմիլ Տարասյանը կարևորել է ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը և նշել, որ թվայնացումը կարևոր նախադրյալ է այդ համագործակցության համար: Այս ուղղությամբ ներկայացվել է թվայնացման և նորարարության ոլորտներում ՀՀ կողմից վարվող քաղաքականությունը, տեղեկատվություն` ԵՄ և ԵԱՏՄ նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ:
«Թվայնացման հետ մեկտեղ փոխգործակցության կարևոր նախադրյալ կարող է լինել տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների ներդաշնակեցումը, ապրանքների և ծառայությունների համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչումը, որը թույլ կտա ապահովել նույն որակի ապրանքների մուտքը ԵՄ շուկա»,- նշել է Էմիլ Տարասյանը: