Մայիսի 7-ին Ծաղկաձորում նախատեսվում է անցկացնել Կոնյակի փառատոն, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի զարգացման հիմնադրամի Զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը: «Կոնյակի փառատոնը, որը նախատեսվում է մայիսի 7-ին, էապես նպաստելու է վարչապետի ներկայացրած տնտեսության զարգացման հայեցակարգի կետերի իրականացմանը: Կոնյակը, որը ընտրել են փառատոնի կազմակերպիչները, նպատակահարմար և գրավիչ է: Գաղտնիք չէ, որ երբ դրսում ասում ենք կոնյակ, անմիջապես ասոցացվում է Հայաստանի հետ»,- նշեց Արա Խզմալյանը:
Նրա խոսքով՝ փառատոնին հիմնականում ակնկալվում են զբոսաշրջիկներ Ռուսաստանից՝ ՌԴ քաղաքացիների համար ներքին անձնագրերով Հայաստան մուտքի արտոնությունը նպաստում է զբոսաշրջիկների մեծ հոսքին, ՌԴ-ն հայկական զբոսաշրջային շուկայի համար թիրախային է:
Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախագահ Տիգրան Կարապետյանն էլ նշեց, որ փառատոնին սպասվում է մոտ 25 000 այցելու, իսկ փառատոնը կազմակերպելու համար ֆինանսական միջոցները ստացվելու են անհատ և մասնավոր կազմակերպություններից: