Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփի «հրթիռային ապտակը» Պուտինին

Թրամփի «հրթիռային ապտակը» Պուտինին
08.04.2017 | 14:39

Հիշում եմ` ինչպիսի հրճվանք էր ռուսական պաշտոնական և մեդիա շրջանակներում, երբ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփը հաղթել էր Հիլարի Քլինթոնին: Ռուսները կարծում էին, որ «դարակազմիկ» էջ է բացվում ռուս-ամերիկյան հարաբերություններում: Երեկ այդ ոգևորության հետքն անգամ չկար. Թրամփից ռուսների հիասթափությունն այնքան մեծ է, որ հատկապես Կրեմլի վերահսկողության տակ գտնվող կայքերը նույնիսկ պիտակավորում, անձնական վիրավորանք են հասցնում ԱՄՆ-ի նախագահին:

Միացյալ Նահանգները տասնյակ հրթիռներով հարվածել է Սիրիայի ավիաբազաներից մեկին: Միջերկրական ծովում գտնվող ռազմանավերից մոտավորապես 60 Tomahawk տիպի հեռակառավարվող հրթիռները հարվածել են Սիրիայի արևմուտքում գտնվող «Շայարթ» ավիաբազային՝ թիրախավորելով ռազմական ինքնաթիռները, վառելիքի պահեստներն ու թռիչքագոտիները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ թիրախավորվել է այն ավիաբազան, որը Սիրիայի իշխանությունը օգտագործել է Իդլիբ նահանգին քիմիական զենքով հարվածելու համար: Վերջին տվյալներով՝ Իդլիբում իրականացված քիմիական հարձակման հետևանքով զոհվել է շուրջ 90 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 երեխա:


Սիրիայում քաղաքացիական պատերազմի վեց տարիների ընթացքում սա ԱՄՆ-ի առաջին ուղիղ հարվածն է Բաշար ալ-Ասադի ուժերին: Սակայն աշխարհն այնպես ընկալեց, որ սա, առաջին հերթին, հարված էր Ռուսաստանին, նրա նկրտումներին, ռազմական անպարտելիության առասպելին: Դա հենց այդպես էլ կա, ու այդ պատճառով երեկ առավոտյան մարդիկ խոսում էին համաշխարհային նոր պատերազմի լոկալ դրսևորման մասին: Սակայն Մոսկվան գոնե առայժմ ընտրել է հակազդեցության դիվանագիտական գործիքները: Ռուսական զենքը, բազան, հոխորտանքն ամենակարող են, երբ բախվում են ուկրաինական, վրացական դիմադրությանը, սակայն խեղճանում են` հանդիպելով գլոբալ ուժի, մեկ այլ կայսրության ուժի ցուցադրության:
Ռուսական գործոնն ակնհայտորեն կաշկանդում էր Թրամփին: Հայրենիքում և դաշնակիցները նրան մեղադրում են Կրեմլի հետ համագործակցության մեջ, Վաշինգտոնում հետաքննում են նրա շրջապատի և Մոսկվայի առնչությունները, սրան գումարվում են ներքին անհաջողությունները` հատկապես ամերիկյան վերնախավի դիմադրությունը նախագահի առողջապահական և միգրացիոն նախաձեռնություններին: Թրամփն ապրիլի 7-ի առավոտյան հաղթահարեց «ռուսական պատը»: Ոմանք ասում են, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը կանխեց իրեն սպառնացող իմփիչմենտի վտանգը, ըստ այդմ` նրա սիրիական կամպանիայում տեսնում են ներքաղաքական համատեքստ: Մյուսները նշում են, թե Թրամփն ինքնադրսևորվում է` դա անելով իր նախորդի` Բարաք Օբամայի հետ հեռակա հակադրության ռեժիմում: ԱՄՆ-ի նախկին նախագահը, օրինակ, չթիրախավորեց Ասադի ռազմաբազան, երբ Սիրիայի նախագահը 2013-ին անցել էր «կարմիր գիծը»` դարձյալ քիմիական զենք օգտագործելով խաղաղ բնակչության դեմ:


Պարզ չէ, թե որ մոտիվն է գերիշխել Թրամփի գործողություններում, բայց տեսանելի է, որ նա ապրիլի 7-ի առավոտյան իր կողմից քաջալերվող մեկուսացման քաղաքականությունը ստորադասել է գլոբալիզացիայի գծին, որի անխնա քննադատն էր քարոզարշավի ժամանակ:
Մյուս կողմից` վաղաժամ է հեռահար ենթադրություններ անել մեկանգամյա գործողությունից: Այն պահին, երբ ամերիկյան զինուժը հրթիռակոծում էր Ասադի ավիաբազան, Ֆլորիդայում Թրամփը ճաշում էր Չինաստանի իր գործընկերոջ հետ: Մի քանի օրից կայանալու է ԱՄՆ-ի պետքարտուղար Թիլերսոնի այցը Մոսկվա: Չի բացառվում, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը, ուժի ցուցադրությամբ, իր օրակարգն է փորձում թելադրել Պեկինին ու Մոսկվային:


Ինչևէ, ռուս-ամերիկյան հարաբերություններն ապրում են հերթական փորձությունն ու ճգնաժամը, և այս հանգամանքը պետք է զգաստացնի նաև մեզ: Հիշեցնեմ, որ Ադրբեջանի հետ սահմաններում լարվածությունը մեծացավ 2014-ին, երբ Ուկրաինայի կողմնորոշման հետ կապված հակամարտություն սկսվեց Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Հիմա էլ ստեղծված վիճակը կարող է խթանել Ալիևի ռազմատենչությունը, որովհետև գուցե չաշխատի Բաքվի ռևանշիզմը զսպող ռուս-ամերիկան համատեղ հարկադրանքը:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ