«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայտարարում է, որ ԿԸՀ-ն չի ընդունում ընտրախախտումների վերաբերյալ իրենց դիմումները:
«Այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 15:08-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչը փորձել է ընտրախախտումների վերաբերյալ դիմումներ հանձնել ԿԸՀ, սակայն չի կարողացել դա անել, քանի որ պահակակետի աշխատակիցն ասել է, թե ԿԸՀ-ն այսօր չի աշխատում, ուստի դիմումները կարող են մուտք արվել երկուշաբթի օրը: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն, այնտեղից ստացել է նույն պատասխանը՝ փորձեք դիմումները մուտք անել երկուշաբթի: Նախաձեռնության ներկայացուցիչը ժամը 16:15-ի սահմաններում դիմումները գցել է ԿԸՀ-ի արկղը և լուսանկարել: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանի գնահատմամբ, ԿԸՀ նման գործելաոճն ուղղակիորեն հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի իրացման և ընտրական իրավունքի պաշտպանության ապահովման պետության պարտավորության խախտմանը»,- նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում: