Ապրիլի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի ՈՒղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի պապ և Համայն Աֆրիկայի Թավադրոս Բ պատրիարքին` Տանտայի (Եգիպտոս) Մար Գիրգիս եկեղեցում և Ալեքսանդրիայի Ս. Մարկոս եկեղեցու առջև ահաբեկչությունների առիթով, որոնց զոհ են դարձել և վիրավորվել բազմաթիվ անմեղ մարդիկ:
Ամենայն Հայոց կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության և Հայոց Եկեղեցու հավատացելոց անունից ցավակցություն է հայտնել Նորին Սրբությանը և Ղպտի ՈՒղղափառ Եկեղեցու հետևորդներին: «Այս ծանր պահին մեր աղոթքներով ու մտքով զոհվածների ընտանիքների և Ձեզ հետ ենք»,- նշել է Վեհափառ Հայրապետը՝ դատապարտելով ահաբեկչական գործողությունները: Ամենայն Հայոց կաթողիկոսը հայցել է Ամենազոր Աստծուն երկնային օթևաններում հանգստություն պարգևել զոհվածների հոգիներին, մխիթարություն՝ նրանց ընտանիքներին և Քույր Եկեղեցու բոլոր հավատացյալներին: